Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ռաչայի շրջանում ողբերգական աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաճայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից:
Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»:
Հիշեցնենք, որ Վրաստանում՝ Շովի լեռնային հանգստավայրում, տեղի ունեցած սողանքի շրջանում, փրկարարները փնտրում են 35 մարդու։
Աղետի գոտուց ուղղաթիռներով արդեն 200-ից ավելի մարդ է դուրս բերվել, ինչ վերաբերում է մարդկանց, ում հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանց թիվը 35 է, հայտնաբերման գործընթացը շարունակվում է։