Երասխում երկաթի ձուլման գործարանի ներկայացուցիչը չի հերքում գործարանը տեղափոխելու մասին տեղեկությունը: «Ես զերծ կմնամ այս պահին որևէ մեկնաբանություն տալուց», — «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանապահ Երասխ գյուղի տարածքում «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող երկաթի ձուլման գործարանի ներկայացուցիչը՝ ավելացնելով. «Նման ինֆորմացիա մեր կազմակերպությունը չի տվել ու չի տարածել։ Առանց որևէ մեկնաբանության»,- ասաց նա։
Ավելի վաղ «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը, հղում անելով իր աղբյուներին, հաղորդել էր, որ Երասխի տարածքում կառուցվող մետաղաձուլական գործարանը նախատեսվում է տեղափոխել առավել անվտանգ վայր։ Որոշ տեղեկություններով՝ այդ նպատակով դիտարկվում է Արարատ քաղաքի մոտակա տարածքը։
Մեր զրուցակիցը հստակ պատասխան չտվեց նաև հարցին, թե արդյո՞ք, այդուհանդերձ, այս պահին քննարկվում է գործարանի տեղափոխման հարցը, և առաջիկայում հնարավո՞ր է, որ գործարանի տնօրինությունը հանդես գա այդպիսի հայտարարությամբ։
«Ես զերծ կմնամ այս պահին որևէ հայտարարություն անելուց կամ ինչ-որ մեկնաբանություններից։ Լրատվականներն էլ ինչ ասես՝ գրում են»,- ասաց նա՝ հավելելով, որ գործարանն Արարատ քաղաքի տարածք տեղափոխելու մասին նույնպես որևէ հայտարարություն իրենց կողմից չի եղել։
Տարածվող տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով, «Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լրատվության բաժին։
Գերատեսչությունից նախ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել։ Այնուհետև կարճ ժամանակ անց խնդրեցին հարցի պատասխանը հայտնել վաղն առավոտյան՝ պատճառաբանելով, որ այդ պահին վարչության պետը պատրաստվում է հանդիպման գնալ։ Խնդրեցինք պատասխանն այդուհանդերձ, հայտնել այսօր։ Խոստացան ավելի ուշ նորից կապվել խմբագրության հետ, բայց այդպես էլ կապ չհաստատեցին: