Search
Close this search box.

ԱԳՆ-ից տեղեկացնում են

Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ Այս մասին «Radar Armenia»-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը և սպասում է Երևանի պատասխանին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է և այս պահին այդ հարցում փոփոխություն չկա»,– ասել է Բադալյանը:

Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայել: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երևանը չի հրաժարվել հանրապետության սահմաններին ՀԱՊԿ առաքելությունից:

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մայիսի վերջին կարևորել է ՀԱՊԿ շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին, ընդգծել է, որ ՌԴ-ն կշարունակի երկխոսությունը հայ բարեկամների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ թեմայով։

Please enter a valid URL