Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը։
Բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարության ուղարկած 19 բեռնատարներին օգոստոսի 2-ին միացել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության երկու բեռնատարները՝ բեռնված քաղցրավենիքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին տեղում ներկայացվել է ստեղծված իրավիճակը, ինչից հետո։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հանդես է եկել կարճ ճեպազրույցով, որի ընթացքում նա նախ ընթերցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այս հայտարարությունը, որ հրապարակվել է այսօր առավոտյան: Ակնկալում ենք, որ այդ հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի»,- ասաց նա: