Ադրբեջանում ապրիլյան մարտերից հետո զինվորական հաշմանդամներին (հիմնականում նախկին հատուկջոկատայիններին) ակտիվորեն օգտագործում են քարոզչական նպատակներով: Հիվանդանոցներից դուրս գրվելուց հետո նրանք սկսել են «աստղային» ճանապարհ. պարբերաբար հարցազրույցներ են տալիս, այցելում են զորամասեր, մասնակցում ռազմահայրենասիրական միջոցառումներին, գրում է razm.info-ն:
Հարցազրույցներից հայտնի են դառնում լրացուցիչ մանրամասներ իրենց վիրավորվելու հանգամանքների մասին: Այդ տեղեկությունները համեմատել ու համադրել ենք հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունների հետ, փորձելով պարզել այդ վիրավորների և մեզ հայտնի դիվերսիաների դեպքերի կապը:
Լրացուցիչ օգտագործել ենք նաև ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները հրադադարի խախտումների մասին, որոնցից ավելի վաղ Ռազմինֆոն բացահայտել էր Ադրբեջանի ԶՈւ մի շարք թաքցրած կորուստներ:
Սկզբի համար ներկայացնում ենք երկու դեպք: Սակայն մենք դեռ ուսումնասիրում ենք ևս մի քանի դեպք: Մեզ հետաքրքրած վիրավորները հատուկջոկատայիններ են՝ առանձին հրամանատարության տակ գործող հատուկ նշանակության բրիգադից, որը տեղակայված է Սումգայիթ քաղաքից շուրջ 12 կմ հյուսիս-արևմուտք:
Ներքոնշյալ օրինակներից յուրաքանչյուրում ադրբեջանական աղբյուրները պնդում էին, որ հատուկջոկատայինը վնասվածք է ստացել «հակառակորդի հարձակումը կանխելիս»: Փորձելով գտնել «Ի՞նչ էր անում առաջնագծի խրամատում մոտ 200 կմ հեռավորության վրա տեղակայված բրիգադի հատուկջոկատայինը հայերի անսպասելի հարձակման ժամանակ» հարցի պատասխանը, եզրակացնում ենք, որ քննարկվող դեպքերում ադրբեջանական կողմը իր դիվերսիոն հարձակումները փորձել է վերագրել հայկական կողմին:
21 ապրիլի, 2015թ., Սեյսուլան
News.milli.az կայքում հրապարակված հարցազրույցում հատուկջոկատային Նաթիգ Վելի օղլու Մեհդիևը (Natiq Veli oğlu Mehdiyev) պատմում է, թե ինչպես է «2015 թ. ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը Թարթառի շրջանի Գափանլը գյուղի շրջակայքում հակառակորդի հարձակումը կանխելիս ոտքերի և մարմնի այլ հատվածներում վնասվածք ստացել հայերի նետած նռնակի պայթյունից»:
2015 թ. ապրիլի 21-ին երկու կողմերի պաշտոնական աղբյուրները հայտնում են.
Ադրբեջանի ՊՆ, 21 ապրիլի, 2015 թ., «Ապրիլի 21-ին առաջնագծի Թարթառի ուղղությամբ բախում է եղել հայկական ԶՈւ ստորաբաժանումների հետ: Կարճատև մարտում մեր ԶՈւ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են ծանր հարված: Արդյունքում զոհվել է թշնամու 5 զինծառայող, վիրավորվել՝ 10-ը: Հայկական կողմը հերթական անգամ փորձում է մոլորություն ստեղծել՝ ապատեղեկատվություն տարածելով այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծում սադրանքների են դիմել: Շուտով հայկական կողմը կհայտնի իր վիրավորների և զոհերի մասին»:
Արցախի ՊԲ, 21 ապրիլի, 2015 թ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ»:
Քանի որ Նաթիգի խոսքից հասկացվում է նաև, որ նա կարող է վիրավորված լինել ապրիլի 22-ի գիշերը, ապա նայել ենք նաև այդ օրվա հայտարարությունները: Այդ օրը և´ Արցախի ՊԲ-ն, և´ Ադրբեջանի ՊՆ-ն տարածել են հրադադարի ռեժիմի խախտման մասին ստանդարտ հայտարարություններ, չհիշատակելով որևէ դիվերսիոն գործողություններ կամ կորուստներ:
Հնարավոր է, որ Նաթիգն ուղղակի սխալ է ասել իր վիրավորվելու ամսաթիվը, այլապես անհասկանալի է, թե ինչու Ադրբեջանի ՊՆ-ն ապրիլի 21-ին հայտնել է «հայկական դիվերսիայի» մասին, իսկ ապրիլի 22-ի առավոտյան՝ ոչ:
Ցանկացած դեպքում ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցում նույնպես չի հիշատակվում 2015 թ. ապրիլի 21-ին Թարթառի ուղղությամբ որևէ կորստի՝ վիրավորի կամ սպանվածի մասին.
Նույն զեկույցում հաջորդ օրվա՝ ապրիլի 22-ի համար, նույնպես Թարթառի ուղղությամբ որևէ կորստի մասին չի նշվել.
Եզրակացություն. Այսպիսով, հիմք ունենք ենթադրելու, որ հատուկջոկատային Մեհդիևը վիրավորվել է ոչ թե հայկական հարձակումից պաշտպանվելով, այլ ընդհակառակը՝ ադրբեջանցիների ձախողված հարձակման ընթացքում։ Ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 21-ին, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր «հայկական հարձակման» մասին:
13 oգոստոսի, 2015թ., Գորանբոյ
Մեկ այլ հատուկջոկատայինի՝ Աբդուրահմանով Նազար Ֆիրուդդին օղլուի (Əbdürrəhmənov Nəzər Firuddin oğlu) մասին տեղեկանում ենք Moderator.az կայքում 2017 թ. նոյեմբերին հրապարակված հարցազրույցից: Նա պատմում է, որ վիրավորվել է 2015 թ. օգոստոսի 13-ին Գորանբոյի ուղղությամբ «մարտական առաջադրանք կատարելիս՝ կանգնելով ականի վրա»: Կորցրել է երկու աչքը և աջ ձեռքը»:
Այս օրվա վերաբերյալ վիրավորի և ընդհանրապես դիվերսիայի մասին ինչպես Արցախի, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները ոչինչ չեն հայտնել:
ՄԱԿ-ին Ադրբեջանի ԱԳՆ զեկույցում նույնպես չի հիշատակվում 2015 թ. օգոստոսի 13-ին Գորանբոյի ուղղությամբ որևէ կորստի՝ վիրավորի կամ սպանվածի մասին.
Եզրակացություն. Կարելի է ենթադրել, որ 2015 թ. օգոստոսի 13-ին ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձ է կատարվել, որի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի հատուկջոկատային Նազար Աբդուրահմանովը՝ հայտնվելով միջսահմանային ականապատ տարածքում: Այս իրադարձության մասին չի հայտնել ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը:
Փաստորեն, ադրբեջանական կողմը մի դեպքում փորձել է իր դիվերսիան ներկայացնել որպես հայկական հարձակում, իսկ երկրորդ տապալված դիվերսիայի մասին ընդհանրապես լռել է։ Դրանց մասին կարողացել ենք իմանալ տարիներ անց։