Գնդապետ Դանի նոթերը․ Ինչպես փլուզել երկիրը ներսից
Զենք, որ կիրառվում է մեր դեմ, ու մեզանից շատերը գլխի չեն էլ ընկնում.
Որպես թիրախ ընտրված երկիրը ներսից կործանելու վերաբերյալ Գնդապետ Դանի նոթերին ծանոթանալով, մենք տեսնում ենք, որ երկիրը ներսից փլուզելու հենց այդ ռազմավարությունն է անցած ավելի քան երկու տասնամյակում կիրառվել ու շարունակվում է կիրառվել Հայաստանի Հանրապետությունում մեր ժողովրդի ու պետության դեմ: Այդ ռազմավարությունը կիրառվել ու կիրառվում է նաև այլ երկրների դեմ, իսկ թե որ պետությունների, ուժերի կողմից, կարծում ենք, դժվար չէ հասկանալ:
Գնդապետ Դան` ԱՄՆ զինվորական, բանակում ծառայել է 24 տարի: Թոշակի է անցել 1995թ.: Ազգությամբ` հրեա: Պետական կարևոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսկական ծոցում, Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլն: Վարել է զինվորական կարևոր պաշտոններ և՛ շտաբներում, և՛ «ռազմադաշտում»: Հայտնի է իր բազմաթիվ քաղաքական հոդվածներով: Ունի իր գաղափարակիրների մեծ խումբը, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական գլոբալ հարցերով:
Ստորև ներկայացնում ենք Գնդապետ Դանի նոթերը` Արթուր Արմինի ազատ թարգմանությամբ ` նկատի ունենալով, որ տվյալ հրապարակումն իր արդիականությունն ու կարևորությունը բնավ չի կորցրել:
«Եթե մտադիր եք ծնկի բերել մի հզոր մրցակից երկրի, որի փիլիսոփայությունն ի սկզբանե հիմնադրվել է որպես` ուժեղ, անկախ և ամբողջական, և որը ձեր սեփական երկրի շահերի հակառակորդն է, և դուք չեք ցանկանում այդ երկրին պատերազմով` ռազմական ուժով ծնկի բերել, ապա նման հարցադրման պատասխանը շատ հասարակ է։ Այդ երկիրը ու նրա հասարակությունը պետք է ոչնչացնել ոչ թե դրսից` պատերազմելով, այլ ներսից` փլուզելով։
Թեև, ի տարբերություն ռազմական գործողություններով հաղթանակի, այս տարբերակը պահանջում է մեծ համբերություն ու ավելի երկար կարող է տևել, սակայն հասարակությունը ներսից փլուզելու պատերազմական այս մարտավարության դեպքում վնասը կլինի նույնքա՛ն արդյունավետ, եթե ոչ ավելի շատ: Երբ դուք ընտրում եք «ներսից ոչնչացման» տարբերակը, ապա դուք օգտագործում եք այդ երկրի սեփական ժողովրդին։ Եվ այս դեպքում թե՛ ձեր ռազմական գործողությամբ արյունահեղությունն է բացառվում, թե՛ ձեր ռազմական կամ ֆիզիկական ենթակառուցվածքն է անվնաս մնում։
Յուրաքանչյուր երկրում կան մի քանի կարևորագույն ոլորտներ, որոնք սահմանում ու ձևավորում են հասարակության հասուն քաղաքացիների համոզմունքները և կյանքի ընթացքը։ Հենց այդ ոլորտներն են այն առանցքային կետերը, որոնք պետք է ենթարկվեն հարձակման: Գնդապետ Կլաուզիվիցը (Clausewitz) իր «Պատերազմում» գրքում անդրադարձել է այս հայեցակարգին, թե ինչպե՞ս է պետք հայտնաբերել և կենտրոնանալով հարձակվել ընտրված այն ոլորտների վրա, որոնք հանդիսանում են այդ երկրի հասարակության ծանրության կենտրոնը։ Գրավիտացիայի կամ ծանրության կենտրոնը հենց այն առանցքային կարևորագույն էլեմենտն է, որը վերահսկելու կամ ոչնչացնելու դեպքում դուք առավելագույն վնաս եք պատճառում ձեր հակառակորդին, որը և ձեր վերջնական նպատակին հասնելու համար կարևոր գործոնն է։
Պատերազմի այս տարբերակում, երբ ընտրում եք թշնամի երկիրը «ներսից փլուզելու» մարտավարությունը, ապա առանցքային հարցը պետք է լինի, թե ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը։ Դուք պետք է ձևավորեք ժողովրդի միտքը, վերահսկեք կյանքին նայելու ու այն արժևորելու նրանց բարոյահոգևոր արժեքային համակարգը, որի վրա հիմնված է նրանց կյանքը։ Ձևավորելով ու կերտելով նրանց ընդհանրական միտքը` դուք կարող եք նրանց դեպի դժոխք ճանապարհել։
Կենտրոնների ծանրության վերահսկումով ես կարող եմ իրականացնել երկրի անկումը` «ներսից փլուզելու» ճանապարով։ Դա` նրանց ճշմարտության ընկալման մեզ համար ցանկալի փոփոխությունն է, ապագա սերունդներն են, քաղաքական փիլիսոփայությունն ու ազգայնականության զգացումն է, ինչպես նաև երկրի տնտեսությունն է։ Եթե ուզում ես ձևավորել ճշմարտությունը, ապա պետք է վերահսկել լրատվամիջոցները: Մեր օրերում մարդիկ` հիմնականում մեծամասնությունը, կյանքի մասին իրենց հիմնական ինֆորմացիան և պատկերացումները կլանում են լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, մամուլ և այլն)։ Լրատվամիջոցները և հեռուստատեսությունը հատկապես ձևավորում են կյանքի պատկերը։ Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, ապա ժողովուրդն այդ խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն։ Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի որպես փաստ։
Օգտագործելով հանրային ծրագրերը, ինչպիսիք են` հեռուստատեսությունը, ռադիոն և տպագիր մամուլը, դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը` ձե՛ր ընտրած ցանկացած բնագավառում։ Այս կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որպեսզի հասարակության մեջ առաջանան ներքին տարաձայնություններ։ Անհրաժեշտ է նաև տարածել վարկաբեկող նյութեր, անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքներն ու նրա բարոյական սկզբունքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք և ստեղծել` լոյալություն ազգային յուրահատուկ մշակույթի նկատմամբ։ Սա շատ ավելի հեշտ գործ է, եթե ձեր թիրախային լսարանում շատերն արդեն դարձել են ծույլ, վատ կրթված, վատ տեղեկացված, չմտածող ու անտարբեր։ Ձևավորել ապագա սերունդներին, վերահսկել դասագրքերը, դպրոցները: Աստիճանաբար ուսուցանել այն երեխաներին, որոնք համակրում են ձեր սկզբունքներն ու փիլիսոփայությունը։ Ապագա սերունդներին պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ։ Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին տալ հիմնական փաստեր իրենց իսկ պատմությունից և սահմանադրական իրավունքներից։ Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հլու հնազանդությունը ճիշտ է։ Նրանց պետք է սովորեցնել, որ բարոյական արժեքների հիմքերին հետևելը թուլություն և ստրկություն է, որից պետք է խուսափել` հանո՛ւն ազատության։ Նրանց նաև պետք է ներշնչել, որ վերանայեն իրենց հայրենասիրության հին հայեցակարգը, և ընդունեն ձե՛ր տեսակետները։ Սովորեցրեք նրանց դեն նետել հին արժեքներն ու ավանդույթները, անվանակոչելով այն` «ի շահ զգայունության»։ Զգուշորեն համոզեք նրանց, որ, ի վերջո, իրենց հին ավանդական հավատալիքների պատճառով դուք չեք ուզում վիրավորել որևէ մեկին, այլ ցանկանում եք միայն կրթել։ Ներշնչեք նրանց, որ ատրճանակները վտանգավոր են, որ դրանք սոցիալապես անընդունելի չարիք են հասարակության և հատկապես երեխաների համար։
Ձևավորել քաղաքական փիլիսոփայություն` ներթափանցելով կառավարություն: Ձեր փլիսոփայության համակիրներին պաշտոններ տվեք և բարձրացրեք նրանց բոլոր մակարդակներում` որքան բարձր, այնքան լավ, որպեսզի նրանք իշխեն և ուղղորդեն երկիրը բոլոր ուղղություններով, հասարակությանը խոստանալով լուծումներ և լավ կյանք։ Աստիճանաբար ավելացնելով վերահսկողությունը և կառավարության կախվածությունը ձեզանից` փոխեք օրենսդրության նկատմամբ վստահությունը։ Նշանակելով կոռումպացված դատավորների, որոնք չենք գործի Սահմանադրության շրջանակներում, նպաստեք, որ հասարակության մեջ ծնվի անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն, և որ ամենակարևորն է` անհուսության զգացողություն։ Եթե կարողացել եք թափանցել և հասնել երկրի բավականին բարձր պաշտոնական դիրքերի, ապա ամենաբարձր մակարդակներում կարող եք նաև բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել այդ երկրի բանակը։ Երկրի բանակի համար ավելացրեք ավելնորդ սահմանափակումներն ու պարտավորությունները, ստեղծեք զինվորների համար նվաստացնող մթնոլորտ, և դրանով դուք կարող եք բարոյալքել բանակը թե՛ հոգեբանորեն և թե՛ արդյունավետության առումով։ Մի երկիր, առանց ուժեղ բանակի` անպաշտպան է ու խոցելի, և նման է` ճիրաններ ու ժանիքներ չունեցող վագրի կամ պոզեր չունեցող ցուլի։
Հզոր ազգը, հասարակությունն իր հիմքում ունի իր եզակի մշակույթն ու լեզուն։ Ապազգայնացնելով հասարակությանը` «ջրիկացրեք» նրա մշակույթն ու լեզուն։ Անցյալի նրանց ազգային հերոսները պիտի վարկաբեկվեն ու դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որպեսզի նրանք հասարակության, հատկապես երիտասարդության համար չդառնան հերոսության օրինակներ։
Մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները պիտի վարկաբեկվեն։ Հարված հասցրեք լեզվին` խեղելով այն։ Մշակույթն ու լեզուն են, ի վերջո, միավորում ժողովրդին. եթե դուք կարողանաք շահարկել այդ երկու կարևորագույն տարրերը օրենսդրական գործողությունների և սոցիալական ճնշման միջոցով, ապա դուք կարող եք ցանկացած երկրի հիմքերը թուլացնել։ Ի վերջո, ազգայինից հրաժարումը և բազմաբնակարան մշակութային հայեցակարգը` հասարակությանը տանում է դեպի մահաբեր թուլացում։
Ձևավորել տնտեսությունը որպես ծախսարար` ծախսե՛լ, ծախսե՛լ և ծախսե՛լ, հարկե՛ր, հարկե՛ր և հարկե՛ր` սա պիտի լինի «ներսից փլուզելու» ձեր ծրագիրը։
Երկիրը հզոր է, երբ այն տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է։ Նման երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի իր կառավարությունից, իսկ երբ ազատ ժողովուրդը կախվածություն չունի կառավարությունից, նշանակում է` կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ են։ Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ։
– Առաջինը` դուք պետք է հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դնեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ։
-Երկրորդ` երկիրը պետք է դնել ‹‹պարտքի տակ›› և նվազեցնելով դրամային արժույթի արժեքը` խափանել տնտեսության զարգացումը։
Եվ, իհարկե, աջակցելով բոլոր ծախսերը, դուք այս գործընթացը պետք է ներկայացնեք, թե իբր կառավարության կողմից կատարվող շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է ‹‹ներդրում անի››, և դուք դրանք պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք նրանց։ Սրանով դուք գողանում եք հասարակության աշխատավորի գրպանի փողը, և միաժամանակ նրանց անկախությունը։ Ի վերջո, եթե դուք բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների արժեքը, մյուս կողմից ավելացնում եք երկրի արտաքին պարտքը, ապա դուք կարող եք ֆինանսապես այն աստիճան ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը ենթարկվի փլուզման:
Հիշատակված համակարգային այդ մի քանի կենտրոնների ծանրության առանցքները ենթարկելով մանիպուլիացիայի և խելացի ուղղորդումների` դուք կարող եք համբերությամբ, ժամանակի ընթացքում իրականացնել նույնիսկ ամենահզոր երկրի կործանումը` օգտագործելով իր իսկ քաղաքացիներին։
Այս ամենի հեգնանքը կայանում է նրանում, որ ընդամենը մի քանի սերունդների ընթացքում ձեր կողմից ուսուցանված զանգվածները համոզված կլինեն, որ լուսավոր ապագա կերտելու այս հնարավոր ուղին, որը դուք եք ձևավորել նրանց կործանելու համար, մարդկության համար լավագույն լուսավոր ճանապարհն է, և նրանք միշտ կերազեն նման ուղևորության համար։ Եվ դուք «երկիրը ներսից փլուզելու» այս մարտավարությամբ կկարողանաք վերահսկել ձեր հզոր մրցակցին ու առանց մի կրակոցի ու առանց մեկ կաթիլ արյան կոչնչացնենք նրան»։