Search
Close this search box.

ՔՊ–ական Սուրեն Թորոսյանի վերաբերյալ այսօր կայանալիք դատական նիստը չի կայանա

Թալինի դատարանում ՔՊ–ական Սուրեն Թորոսյանի վերաբերյալ այսօր կայանալիք դատական նիստը չի կայանա։ Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է՝ այն հետաձգվել է պաշտպանի միջնորդությամբ։

«Հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնեմ հենց ինքս տեղեկանամ»,-նշել է Բաբայանը։

Ավելի վաղ նա գրել էր. «Քննչական կոմիտեն, փաստորեն, ոչ բոլոր հանրային հնչեղություն ունեցող գործերով է հանրությանն իրազեկում։

Մասնավորապես, եթե մեղադրյալը ՔՊ–ական է, ապա քննչական կոմիտեն ու պետական ու իշխանական լրատվամիջոցներն այդ դեպքին չեն անդրադառնում։ Չեն անդրադառնում, քանի որ ՔՊ–ական մեղադրյալի գործը քննչականն ու դատախազությունն այնպիսի ապօրինություններով են քննել, որ ամեն կերպ դատարանին զրկել են արդարացի դատավճիռ կայացնելու հնարավորությունից։

Արագածավան համայնքի հայտնի ՔՊ–ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործով աննախադեպ արագությամբ նախաքննությունն ավարտեցին, գործն՝ ափալ–թափալ ուղարկեցին դատարան, դե դատարանն էլ ընդամենը մեկ օրվա ընթացքում համ վարույթ ընդունեց համ էլ առաջին դատական նիստը նշանակեց։ Փաստացի քննչականն ու դատախազությունը ինձ, տուժողի լիազոր ներկայացուցչին, զրկեցին քննիչի և դատախազի գործողությունները բողոքարկելու հնարավորությունից։ Իսկ այդ գործողությունների անօրինականությունը քրեական գործի հենց երկրորդ էջից ակնհայտ է դառնում։

Վաղը, օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Թալինի դատարանում կայանալու է ՔՊ–ական Սուրո Թորոսյանի վերաբերյալ քրեական գործի առաջին նիստը։ Նիստը, բնականաբար, որևէ կերպ չեն լուսաբանելու Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական լրատվամիջոցները։ Չեն լուսաբանելու, որպեսզի ստիպված չլինեն ցույց տալ, թե ինչպես է նախաքննության մարմինն ու դատախազությունը կատարել քաղաքական իշխանության հանձնարարությունները։ Թե ինչպես են առերևույթ սպանության փորձը դարձրել ընդամենը թեթև մարմնական վնասվածք հասցնելու մի ստից գործ։ Այդ ստից գործն էլ այնպես են քննել, որպեսզի երաշխավորվի ՔՊ–ականի արդարացումը»։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Սուրեն Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023թ-ի հունիսի 7-ին` ժամը 19։00-ի սահմաններում Արագածավան բնակավայրում հանդիպել է նույն բնակավայրի բնակիչ` Արմեն Սահակյանին, ում առաջարկել է նստել իր մեքենան: Մերժում ստանալուց հետո Սուրեն Թորոսյանը Արմեն Սահակյանի առողջությանը վնաս պատճառելու նպատակով փայտով հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող գլխի ձախ գագաթային շրջանի պատռած վերքի ձևով մարմնական վնասվածք, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում:

Please enter a valid URL