Ուկրաինացի զինվորականները Սև ծովի հարավարևմտյան հատվածում ռուսական ռազմանավը գրոհելու հերթական փորձն են կատարել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուսական նավին ուղեկցել է քաղաքացիական ծովային տրանսպորտ։ ԳիշերնՈւկրաինայի զինված ուժերի ինքնավար մոտորանավը փորձել է հարձակվել նրա վրա։
«Ռուսական նավի անձնակազմի մասնագիտական գործողությունների շնորհիվ ուկրաինական մոտորանավը ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել է»,- հայտնել են ՊՆ-ից։
Հավելենք, որ երեկ` օգոստոսի 1–ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սև ծովի հարավարևմտյան մասում գտնվող Բոսֆորի նեղուց մեկնող ռուսական քաղաքացիական տրանսպորտային նավերի վրա հարձակվելու փորձի մասին։ Արդյունքում ռուսական նավատորմին ուղեկցող խմբի կողմից ոչնչացվել են երեք ինքնավար մոտորանավեր։