«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ձախողել էր Ալավերդիում (նրա հայրենակիցներն իրեն չընտրեցին), վերադարձել է խորհրդարանական կյանք եւ լուռ ունեցվածք է դիզում։ Նա հիպոտեկով բնակարան է ձեռք բերել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ից, որի մայր գումարի մնացորդը հայտարարատու տարում կազմում է 17 մլն 597 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 995 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին ավելացել են՝ կազմելով 3 մլն 611 հազար դրամ, իսկ բանկային դրամական հաշիվները կազմել են 1 մլն 010 հազար դրամ։
Մարզում քաղաքական հաջողություն չգրանցած Մկրտչյանը ուժերը փորձել է՝ Ազգային Ժողովում պատգամավոր դառնալով։ Նա 2019 թվականին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենա։ Մկրտչյանի կինը՝ Կարինե Ազարյանը, 2021 թվականին ձեռք է բերել մեքենա՝ Hyundai մակնիշի։ Նրա բանկային հաշիվները կազմել են 377 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 900 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 5 մլն 771 հազար դրամ, որից 743 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, որտեղ դասախոսում է։
Կնոջ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել են 4 մլն 517 հազար դրամ Էրեբունի բժշկական կենտրոնից եւ 510 հազար դրամ՝ «ԼԵ ԼԱԲՈՂԱՏՈՒԱՂ ՍԵՂՎԻԵ ՍԱՍ ԸՆԿ» Հ/Մ-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 618 հազար դրամ։
Հիշեցնենք, որ նախկինում լրատվական դաշտում աշխատած Արեն Մկրտչյանը մինչ պատգամավոր դառնալը տուն չի ունեցել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում