Ես գիտեմ, որ որդի կորցրած ծնողին ոչ մի ձեւաչափով սփոփել հնարավոր չէ, բայց գիտեմ նաեւ, որ այն զինվորներն ու սպաները, դրսեւորելով զանգավածային հերոսություն, իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Նրանք արժանի են նրան, որ իրենց անունները ոսկե տառերով գրվեն մեր ազգի պատմության մեջ: Իրենք շատ հաճախ անում էին անհնարինը, որովհետեւ գիտակցում էին՝ ինչ բան է հայրենիքը: 1994-ից ի վեր, շատերս հաճախ չէինք պատկերացնում, թե որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում եւ ինչ առաքելություն ունենք: Այսօր էլ մեր հասարակությունը կարծում եմ՝ 1994-ի հաղթանակի կարեւորությունը չգիտակցեց եւ չգնահատեց այնպես, ինչպես պետք էր: Գոնե հիմա խոնարհվելով 2020-ի, ապա նաեւ 2021, 2022 թվականների մեր զոհված եղբայրների շիրիմների առջեւ, մենք պետք է հարգենք նրանց արածը:
Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Մարդկանց թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն պետք է դասեր քաղել եւ օրուգիշեր աշխատել, ծառայել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր զոհեր ենք տվել, իսկ «ամեն ինչ ավարտված է» ոճով ելույթներն անարգում են նրանց հիշատակը»,-ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ պետք է գտնել արժանապատիվ կյանքի վերադառնալու ճանապարհը:
«Նրանք իրենց կյանքը չեն տվել նրա համար, որ մենք բարձր ամբիոններից ելույթներ լսենք այն մասին, որ ամեն ինչ վերջացած է եւ պետք է համաձայնենք մեզ պարտադրվող բոլոր պայմաններին»,-ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը: