Search
Close this search box.

Ահազանգող լուր Արցախի Մարտունի շրջանից

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում նկատվում է դեղորայքի խիստ անհրաժեշտ տեսակների պակաս: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը:

«Ժողովուրդը շրջանում զբաղված է իր ամենօրյա խնդիրների մասնակի լուծմամբ՝ ելնելով հնարավորություններից: Պետական մարմինները սահմանափակ աշխատանքային գրաֆիկով են իրականացնում իրենց պարտականությունները: Բուժապահովումը կազմակերպվում է` ստեղծված իրավիճակից ելնելով: Մարտունու հիվանդանոցում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, և հնարավորության սահմաններում տրվում է մասնագիտական խորհրդատվություն, արվում ստացիոնար բուժումներ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հատկացվում է դեղորայք:

Սակայն դեղորայքի պաշարը օրեցօր նվազում է: Ստուգումներ ենք իրականացրել համայնքների ամբուլատոր կետերում և արձանագրել` քանի որ մեկ ամսից ավելի է` դեղորայքային որևէ ապահովում չկա, նկատվում է դեղորայքի այնպիսի տեսակների պակաս, որոնք խիստ անհրաժեշտ են: Մեր կողմից որոշում է ընդունվել և կազմվել հիվանդներին երեք ուղղություններով (Մարտունի-Ստեփանակերտ, Բերդաշենից և հարակից համայնքներից Ստեփանակերտ, Ճարտար-Կարմիր Շուկա-Ստեփանակերտ) Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխելու գրաֆիկ»,-ներկայացրել է Հ.Հայրումյանը:

Նրա խոսքով՝ պետական ձեռնարկություններից բացի, բոլոր սեփականատերերը կանգնեցրել են իրենց ձեռնարկությունների աշխատանքները: Առևտրով զբաղվող կազմակերպություններն արդեն երկար ժամանակ է գործունեություն չեն ծավալում, քանի որ ապրանք չկա:

Գյուղատնտեսական ոլորտում աշխատանքներն իրականացվում են խիստ սահմանափակումներով` այս առումով օրեցօր ավելացնելով խնդիրները:

«Բավական ժամանակ է` խանութներում չկա չոր պարենամթերք, որի պակասը շատ է զգացվում: Սպառում ենք բացառապես բանջարաբոստանային կուլտուրաները: Սկսած մշակումից մինչև բերքահավաք, թշնամին փորձում է ամեն կերպ խանգարել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Հիմնականում վտանգված են սահմանամերձ խաղողայգիները, նռան այգիները, ցորենի դաշտերը:

Գարու և ցորենի բերքահավաքի ժամանակ թշնամին տարբեր զինատեսակներով կրակ է բացել աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ, բայց մեր ժողովուրդն, իր բնավորության համաձայն, չընկրկեց, այդ պահերին դադարեցրել ու նորից շարունակել է իր աշխատանքը: Վտանգավոր գոտիներում գտնվող ցորենի հունձը գրեթե ավարտել ենք, բայց կանգնել ենք այլ խնդիրների առաջ` կապված վառելիքի հետ: Ունենք խաղողի, նռան, եգիպտացորենի և այլ տարբեր նշանակության այգիներ, որոնք մնացել են անմշակ, անգամ չենք կարողանում բերքը հավաքել: Տարին սկսել ենք լուրջ վնասներ կրելով. երաշտից տուժել են դաշտերը, ինչի պատճառով ցորենի և գարու բերքատվությունը շատ ցածր է, իսկ բարձրադիր գոտիներում բերքը հասունացման պահին տուժել է կարկտահարությունից ու սելավներից: Սակայն ողջունելի է, որ այս տարի ժողովուրդը մեծ ծավալի բանջարաբոստանային մշակաբույսեր է աճեցրել: Եվ պատահական չէ, որ Մարտունու շրջանի բերքը հայտնվել է ինչպես Ստեփանակերտի, այնպես էլ մյուս շրջանների շուկաներում: Բայց այս պահի դրությամբ խնդիր ունենք բերքի տեղափոխման հարցում»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

Նա իրազեկել է, որ վառելիքի սղության պատճառով հացը շրջանի մի քանի համայնքներ տեղափոխում են ոտքով: Վերջին մեկ ամսվա ընթացքում շրջանի փռերն աշխատում են շուրջօրյա: Շրջափակմամբ պայմանավորված՝ շրջանում առկա է նաև ջրի խնդիր:

«Մարտունի քաղաքում և մի քանի այլ բնակավայրերում ջրի շուրջօրյա մատակարարումը չենք կարողանում ապահովել, այլ իրականացնում ենք երկու օրը մեկ: Ստեղծված իրավիճակից ելնելով` այդքանն ենք կարողանում ապահովել: Լուրջ խնդիր էր Թաղավարդ և Գիշի համայնքներում ջրամատակարարման ապահովումը»,-ասել է Հ.Հայրումյանը:

Please enter a valid URL