Search
Close this search box.

Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Կարեն Մարգարյանը՝ փոխչեմպիոն

Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը այս տարիքային խմբում: Նույն քաշային կարգում հանդես եկող Կարեն Մարգարյանը փոխչեմպիոն է:

81 կգ քաշայինների պայքարում մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ռաֆդիկ Հարությունյանը երկամարտում գրանցեց 330 կգ արդյունք: Պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 150 կգ, հրեց՝ 180 կգ: Հարությունյանը նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկե մեդալները: Եվրոպայի Մ20 եռակի չեմպիոն Կարեն Մարգարյանը երկամարտի արծաթե մեդալը նվաճեց 323 կգ արդյունքով (145+172):

Ռումինիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն արդեն նվաճել է 2 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ: Մինչեւ 23 տարեկանների պայքարում երկամարտի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը 255 կգ (140+255) արդյունքով: Մինչեւ 20 տարեկանների պայքարում երկամարտի արծաթե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Տիգրան Կարապետյանը (275 կգ, 123+152) եւ մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը( 311 կգ, 140+171):

Մինչեւ 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը (254 կգ, 110+144), 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը (216 կգ, 95+121), 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը (308 կգ, 136+172), 59 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը (198 կգ, 86 +112 ) եւ Աբրահամ Մնացականյանը (313 կգ, 138+175)։

Հայաստանի հավաքականի կազմում Բուխարեստում մրցահարթակ դուրս կգան նաեւ մինչեւ 20 տարեկանների պայքարում Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Ֆելիքս Գեւորգյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Աշոտ Մովսիսյանը (+109 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ),

մինչեւ 23 տարեկանների պայքարում կլինեն Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը եւ Յաշա Մինասյանը (երկուսն էլ 109 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ), Մերի Թումասյանը եւ Լուիզա Սահրադյանը (երկուսն էլ +87 կգ):

Please enter a valid URL