Search
Close this search box.

Փողերի լվացում. ինչ մեղադրանք է ներկայացվել արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանին, որը մեղադրվում էր փողերի լվացման մեջ, կրկին մեղադրանք է ներկայացվել։ Վերադաս դատախազը վերացրել է քննիչի՝ Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում է Դատախազությունը։

Հիշեցնենք, որ փողերի լվացման մեղադրանքը առաջադրվել է «Հետքի» բացահայտումների հիման վրա։ Կճոյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակից էին դարձել օֆշորային մի գործարքի, որի հետեւանքով սնանկացել էր գործարար Փայլակ Հայրապետյանը։

Սամվել Կճոյանը, ըստ մեղադրանքի, 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը և նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել է իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Աշոտ Սուքիասյանին՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն:

«Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի և բանկերից մեկի միջև կնքված պայմանագրով՝ Աշոտ Սուքիասյանը բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար և 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել:

Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով՝ Աշոտ Սուքիասյանը կատարել է մի շարք բանկային և առևտրային գործարքներ:

Մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից՝ Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն և Սամվել Կճոյանին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերության կողմից «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցվել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար:

Վճռաբեկ դատարանի 14.04.2021 թվականի որոշմամբ՝ Աշոտ Սուքիասյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ (Աշոտ Սուքիասյանը չի հայտնաբերվել, հայտարարվել է հետախուզում):

Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի ապրիլի 13-ին, Սամվել Կճոյանին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, փողերի լվացում): Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում Սամվել Կճոյանն իրեն մեղավոր չի ճանաչել: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել Սամվել Կճոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին՝ նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 17-ին կայացված որոշումը վերացրել է՝ վաղաժամ և անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL