Search
Close this search box.

Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանnւթյան համար մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին

Բացահայտվել է մարտական դիրքում զինծառայող Մուրադ Գրիգորյանի՝ հրազենային վիրավորումից մահվան դեպքը․սպանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում` գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում, գտնվել էր իրեն ամրակցված գնդացիրը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևովորվել քննչական խումբ։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող Մուրադ Գրիգորյանի և նրա համածառյակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Մուրադ Գրիգորյանին, վերջինիս ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով,

մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Ներկայացված մեղադրանքում Ա․Հ․-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարած արարքի համար:

Հուլիսի 28-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Please enter a valid URL