Search
Close this search box.

«Հրապարակ». Եթե բանը հասնի մարդկանց մшհшնшլուն, լուծումներ կան, չեմ կարող բարձրաձայնել

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները երեկ այցելեցին Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված։ Երրորդ օրն է` պաշարված Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող «Սպայկայի» 19 մեծ մեքենա անշարժ կանգնած է Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ մարդասիրական օգնությունը պետք է Արցախ տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, սակայն ռուսական կողմից դեռ պատասխան չկա։ Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Կոռնիձոր մեկնած փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: Ասել է նաեւ, որ  մեքենաները շարունակելու են մնալ այստեղ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է՝ չհստակեցնելով, թե ինչ այլ սցենար են մտածել. «Պիտի փորձենք մեզ հասու բոլոր քաղաքական միջոցներով ապահովել Լաչինի միջանցքի բացումը: Բեռնատարներն այս պահին շարունակելու են մնալ այստեղ»:

«Ունե՞ր իշխանությունը նախնական պայմանավորվածություն ռուս խաղաղապահների հետ, թե՞ որոշել է անակնկալի բերել նրանց»,- իշխանություններին ուղղված հռետորական հարցադրումով է հանդես գալիս ԲՀԿ-ական Արման Աբովյանը` շարունակելով, որ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, թե ավելի վաղ Գորիսում 500 տոննա հումանիտար բեռներ են պահեստավորվել, որոնք հնարավոր չի եղել տեղափոխել: Հարց է ծագում` հիմա, չունենալով պայմանավորվածություն, ինչո՞ւ են նման որոշում կայացրել եւ եւս 400 տոննա բեռ տեղափոխել Կոռնիձոր։ «Ես հասկանում եմ՝ հնարավոր է նպատակն այն է, որ միջազգային հանրության ճնշումների ներքո փորձում են Ադրբեջանին ճնշել՝ բացելու միջանցքը: Այո, ընդունում եմ, որ հնարավոր է դա լինի աշխատող տարբերակ, բայց այստեղ չի՞ ստացվելու կիսատ-պռատ հայրենասեր լինել։ Որովհետեւ կա՛մ դու պետք է բեռներն անցակետ հասցնելուց հետո անցնես ճնշման այլ մեթոդների (չեմ ուզում փակագծեր բացել), կա՛մ սա ընկալվելու է կիսատ-պռատ հայրենասիրություն։ Որովհետեւ, եթե խնդիրն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն է, դա չպետք է արվի մեկ օր, դա պետք է լինի հետեւողական, իսկ եթե խնդիրը շոու անելն է, դա բոլորովին այլ հարց է»,- ասում է Աբովյանը։ 

Եթե միջազգային ճնշումը չաշխատի եւ իշխանություններն էլ ձեռքերը լվանան՝ ասելով, որ իրենք իրենց գործն արեցին, բայց որոշողն իրենք չեն, ապա դա, Աբովյանի խոսքով, ավելի ծանր հետեւանքներ կթողնի Արցախի վրա։ Սրանով արցախցիներին ասելու են, որ այլ ելք չունեք, պետք է բանակցեք Ադրբեջանի հետ կամ առեւտուր սկսեք Աղդամի ճանապարհով․ «Եթե վճռական են՝ օգնելու, եթե ՀՀ-ն պատասխանատու է հայերի համար, թող առաջ գնան ու հեքիաթներ չպատմեն, թե կռիվ կսկսվի: Դա ի՞նչ անհեթեթ պատճառաբանություն է, երբ մարդիկ սովից մահանում են Արցախում։ Բայց եկեք սպասենք, տեսնենք՝ իրավիճակն ինչ հանգուցալուծում է ստանալու, պաթոսախեղդ հայտարարություններից բացի ի՞նչ քայլեր է իշխանությունն անելու»։

«Չէ, կոշտ միջոցներն անթույլատրելի են»,- այս մտքերին հակադարձում է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ «Եթե կոշտ միջոցների դիմենք, ռազմական գործողություններ կսկսվեն։ Մենք Ադրբեջանին եւ Թուրքիային այդպիսով լեգիտիմ հնարավորություն կտանք՝ իրականացնել պատերազմական գործողություններ։ Ես ոչ թե վախենում եմ` որպես պատգամավոր, քաղաքացի, այլ դա ճիշտ ձեւ չէ, մենք ճիշտ ձեւն ենք ցույց տալիս ամբողջ աշխարհին, թե ինչ է մեր ուզածը, մենք խաղաղություն ենք ուզում, ճանաչում ենք մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը, հետեւաբար՝ անթույլատրելի է, որ ցանկացած ժողովուրդ կամ ժողովրդի մի հատված մատնվի սովամահության, առավել եւս՝ եթե այդ ժողովրդի մի հատվածը մեր ժողովրդի հատվածն է, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք։ Բայց այստեղ աշխարհի հարցն է, ոչ թե մեր»։

Բայց չէ՞ որ անցած ութ ամիսներին տեսանելի դարձավ, որ «աշխարհը» սահմանափակվում է կոչերով ու հերթապահ հայտարարություններով, եկել-հասել ենք նրան, որ Արցախում սովից մարդիկ են մահանում։ «Եթե աշխարհի անտարբերությունը շարունակվեց, իմ կարծիքով՝ պետք է դադարեցնել բանակցային գործընթացը կամ կասեցնել, սառեցնել, որովհետեւ եթե միջազգային մեր գործընկերներն ուզում են, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա պետք է գործուն քայլեր անեն»: Իսկ մինչ այդ` Արցախում արդեն մարդիկ մահանում են։ «Եթե բանը հասնի դրան, լուծումներ կան, որոնց մասին ես չեմ կարող բարձրաձայնել»,- ասում է Աղազարյանը:

Please enter a valid URL