Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսահայ 14-ամյա երգչուհին հայտնի երգով հույս և խաղաղություն փոխանցեց հայ ժողովրդին


Ֆրանսիական «The Voice Kids» երաժշտական մրցույթի հուլիսի 25-ի եթերը լի էր հայկականությամբ։ Հաղորդաշարի կույր լսումների ժամանակ ֆրանսահայ 14-ամյա երգչուհի Մադլենը կատարեց Ջոն Լենոնի «Imagine» երգը:

Նա նշեց, որ Լենոնի հայտնի կատարումը ներկայացնում է մի փոքր անսովոր տարբերակով՝ հայերենով եւ անգլերենով, եւ իր նպատակն է այդպիսով հույս եւ խաղաղություն փոխանցել հայ ժողովրդին։

«The Voice Kids»-ի ժյուրիի կազմում է ֆրանսահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին, որն անմիջապես հասկացավ, որ աղջնակը հայերեն է երգում։

Յուրօրինակ կատարումը հուզեց ներկաներին. ժյուրիի չորս անդամն էլ շրջվեցին։ Ֆիորին հիացած էր, նշեց, որ հիասքանչ ելույթ էր եւ հետաքրքրվեց, թե որտեղից է երգչուհին, նա էլ պատասխանեց, որ հայկական արմատներ ունի եւ ցանկանում է ներկայացնել իր ժողովրդին եւ մի փոքրիկ հույս հաղորդել իր կատարմամբ:

«Այո, Հայաստանն, ավելի քան երբեւէ, ներկայացվելու կարիք ունի. չես պատկերացնի, թե որքան հպարտ եմ»,-ասաց Պատրիկ Ֆիորին։

Երիտասարդ ֆրանսահայուհուն ժյուրիի բոլոր անդամները գովասանքի խոսքեր ասացին եւ առաջարկեցին միանալ իրենց թիմին։ Նրանցից մեկն էլ նշեց․ «Կուզեի ինձ մոտ գայիր, բայց ընտրություն կատարիր այնպես, ինչպես երգում ես, այսինքն՝ սրտով»։ Մադլենը շնորհակալություն հայտնեց բոլորին եւ որոշեց որպես երաժշտական մարզիչ ընտրել իր հայրենակից Պատրիկ Ֆիորիին։

Պատրիկը ջերմությամբ ընդունեց նրան եւ ասաց․ «Դու լավ երգեցիր, անկեղծ էիր: Չընկրկես, կաշխատենք միասին»։ Վերջում էլ հայերենով շնորհակալություն հայտնեց։

Աղջնակը հուզվել էր եւ նշեց, որ այս ամենն իր համար անհավատալի է, երբեք չի մոռանա այդ պահերը։

Մադլենը հաղորդման ժամանակ պատմեց, որ ապրում է երաժիշտների ընտանիքում. իրենք ամեն օր երաժշտությամբ են զբաղվում։

Նշենք, որ Մադլենը Ֆրանսիայում բնակվող երգահան Մարինե Գյուլումյանի դուստրն է, հայրը եւս երաժիշտ է։

Please enter a valid URL