Լաչինի միջազցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, նշված է Եվրոպայի խորհրդի կայքում։
«Ես շարունակում եմ պնդել իմ նախկին կոչերը՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա», — ընդգծել է Բուրիչը։
Նա ընդգծել է, որ չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով, և իր մտքերն այն մարդկանց հետ են, որոնք կրում են ստեղծված իրավիճակի ծանրությունը։
Նա նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին իրական երկխոսության մեջ մտնել։
«Այս երկխոսությունը պետք է հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», — եզրափակել է Բուրիչը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։