Երևանում «Ապրելու երկիր» կուսակցության թիմը միացել է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին
«Ապրելու երկիր» կուսակցության թիմը, Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, այսօր միացել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքին ու ևս մեկ անգամ ամրագրել այն անքակտելի փաստը, որ Արցախը լինելու, մնալու և ապրելու է հայկական։
«Մենք մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, բնականաբար միանում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մանե Թանդիլյանը։
Նա հայտարարել է՝ Արցախի հարցի լուծման մեկնարկային կետը Հայաստանում իշխանափոխությունն է, որը սկսվելու է Երևանից։
«Մենք հավատում ենք, որ մեր ժողովուրդը պատրաստ է և ընտրությունների միջոցով կարող է անել իշխանափոխություն։ Շատ կարևոր ենք համարում, որ ժողովրդի քվեով ցույց տրվի անհամաձայնություն այսօրվա իշխանություններին»,- ասել է նա։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, քաղաքական ուժի համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով։