«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր եւ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 26-ին Պռոշյան եւ Բաղրամյան խաչմերուկում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մեքենայի սեփականատեր Վահե Պետրոսյանի մասին: Եվ այսպես, դեռեւս 2016 թվականի մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության կազմից Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնելուց եւ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին նշանակելուց հետո Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, կարելի է ասել, պարալիզացվել է: Բանն այն է, որ հիմնական փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ապրանքների ներկրումն ու արտահանումն իրականացվում է միջնորդ ընկերությունների կողմից, որոնց ընդունված է անվանել «կարգոներ»:
Այդ ընկերությունները գործարարից ապրանքն ընդունում են գնման երկրում եւ տիրոջը հանձնում Երեւանում` արդեն մաքսազերծված: Ապրանքի տեղափոխման եւ մաքսազերծման գումարները մինչ այս սովորաբար հաշվարկվել են տվյալ բեռի քաշով, սակայն ՊԵԿ-ի «անկախանալուց» հետո «կարգոների» կողմից ներկրվող բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել ապրանքի շուկայական գնի հաշվարկով: Արդյունքում փոքր եւ միջին գործարարների մոտ ապրանքների ինքնարժեքները սկսել են կտրուկ բարձրանալ: Դա է պատճառը, որ գործարարները նախընտրել են միառժամանակ իրենց գործարքները սառեցնել, մինչեւ որ ՊԵԿ-ում ծավալված փոփոխությունները կավարտվեն, եւ խաղի կանոնները կհստակեցվեն:
Մեր տեղեկություններով՝ «կարգոներին» «ներքին կարգով» արդեն զգուշացվել է, որ բոլորն իրենց գործունեությունը պետք է ծավալեն Չարբախում անցած տարվա հուլիսի 7-ին մեծ շուքով բացված «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի մաքսային պահեստների միջոցով:
Տեղեկացնենք, որ 7 հեկտար տարածք զբաղեցնող այս մաքսային պահեստները կառուցվել են բանկի տրամադրած միջոցներով: Կառույցի շինարարությունը արժեցել է մոտ 20 մլն դոլար: «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վահե Պետրոսյանը, որը նաեւ ընկերության հիմնադիրներից է: Վերջինս միաժամանակ հանդիսանում է նաեւ «ԼՈԳԻԿՈՆ ԴԻՎԵԼՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը: Ասել է թե՝ պատահական չէ, որ Վահե Պետրոսյանը «Մայբախ» մեքենա է վարում, քանի որ նախկինների հետ բավականին սերտ կապերի մեջ է եղել եւ իրականացրել է ամենաեկամտաբեր հաշվապահությունները»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում