Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Կայացել է «Ես բացեցի թևերս» ֆիլմի պրեմիերան` նվիրված օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին

Կինոյի տան մեծ դահլիճում տեղի է ունեցել «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝
նվիրված հայ լեգենդար մարզիկ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին։ Կարճամետրաժ
ֆիլմն ամբողջությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների աշխատանքն է։
Ռեժիսորը՝ Սոնա Սարիբեկյանն է , գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը, պրոդյուսերը Դավիթ
Ջինանյանը։

Ստեղծագործական թիմը փորձել էր նորովի ներկայացնել օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի,
Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անցած սպորտային ճանապարհն ու կյանքը՝
սկսած Վանաձորում դարբնի աշխատանքից մինչև սպորտային ամենաբարձր կոչումների նվաճում։

« Մեծագույն պատիվ, հպարտություն և էլ ավելի մեծ պատասխանատվություն էր Ալբերտ Ազարյանի հետ
աշխատելը։ Կարծում եմ, որ լեգենդար անձնավորության մասին ֆիլմ նկարելու հնարավորությունը մեր
երիտասարդ թիմի համար հետագայում ուղենշային կդառնա»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Սոնա Սարիբեկյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմում օգտագործված են արխիվային կադրեր լեգենդար մարզիկի հաղթական ելույթներից,
«Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմից, որտեղ Ալբերտ Ազարյանը մարմնավորել է իր իսկ կերպարը։
Օգտագործվել են նաև կադրեր Հանրային հեռուստաընկերության և Բուն ԹՎ-ի պահոցներից։

Ռեժիսորի կարծիքով՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի համար
հաղթանակներ գրանցելը չափազանց կարևոր է․ «Նոր հաղթանակներ կերտելու ճանապարհին նախկինում մեծ
հաղթանակներ կերտած անհատներին վերստին գնահատելը, նրանց կատարած փառավոր աշխատանքը
հանրահռչակելը կարևոր նախադրյալներ են, որովհետև մեր երկրին և հատկապես երրիտասարդ սերնդին
հաղթանակներ են պետք»։

Ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ջինանյանի խոսքով՝ աշխատանքն իրականացրել են հավատով․ «Մենք փորձել ենք
մեր տեսանկյունից նայել կենդանի լեգենդի անցած ճանապարհին և այսօրվա կյանքին։ Կարծում եմ, որ սա
կարևոր ֆիլմ է։ Մենք պետք է մեր սերունդներին ցույց տանք, թե ինչ տեսակ է հայը, ինչ համառություն ունի
իր ընտրած ճանապարհը հաղթանակելու համար» ։

Նշենք, որ կինոդիտման համար մուտքն ազատ էր։ Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա
Նալբանդյանը, կինոյի ֆակուլտետի դեկան Անետա Երզնկյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական
խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Մարմնամարզության աշխարհի գավաթի 2023 թվականի
հաղթող Վահագն Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոններ Հարություն Մերդինյանը և Էրիկ
Բաղդասարյանը, նրանց մարզիչները, մարզիկներ, մարզասերներ և պարզապես սպորտն ու կինոն գնահատող
մարդիկ։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտեն, ԵԹԿՊ-ին, Երևանի քաղաքապետարանը, Կինոյի տունը։



Please enter a valid URL