Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, կատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումն ու ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, այս մասին ընդգծված է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ տարածած հայտարարությունում:
«Ֆրանսիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի համառ արգելափակման առիթով, որը հակասում է հրադադարի համաձայնությամբ ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին»,- ասված է հայտարարությունում:
Ֆրանսիան իր ամբողջական աջակցությունն է հայտնում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հուլիսի 26-ի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես, կիրառել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։ Ֆրանսիան կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազով ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- նշված է նախարարության հայտարարությունում:
Հայտարարությամբ հիշեցնում են նաև ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ժամանակ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի հնչեցրած ուղերձը՝ Ֆրանսիան ԵՄ-ի հետ մեկտեղ լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը: