Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով սրվում է։ Այս մասին Կոռնիձորի սահմանային հատվածում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Վերջինս նշեց, որ իրենք հիմա մեկ նպատակ ունեն, որպեսզի հումանաիտար բեռները փոխանցեն ՌԴ խաղաղապահ ուժերին, որ այն հասնի Լեռնային Ղարաբաղ։
«Այն հայտարարությունները, որոնք անում են նյարդային ջղաձգումներ են, որոնք ապացուցվում են բոլոր հարթակներում։ Ադրբեջանը 21-րդ դարում սովի է մատնում 120 000 արցախցիների, սա մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է։ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները, միջազգային կառույցների ներկայացուցիչները ուսումնասիրել են բեռներ, տեսել են, իրենց երկրներին ղեկավարներին իրազեկել են։ Լաչինի միջանցքը ոչ միայն հումանաիտար նշանակություն ունի, այլ միակ կապն է Հայաստանի հետ, որի տակ ստորագրել են Ասդրբեջանի և Ռուսասատանի նախագահնեը և ՀՀ վարչապետը։ Այս իմաստով բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում»,- շեշտեց Մարուքյանը՝ հավելելով, որ դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում, և այս իմաստով իրենց քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են «նոյեմբերի 9-ի ստանձնած մեր պարտավորություններին»։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի բեռները փոխանցել խաղաղապահ զորախմբին։
Լրագրողների այն դիտարկմանը, թե Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպման ժամանակ այս նախաձեռնության մասին Լավրովին ու Բայրամովին հայտնե՞լ է՝ Մարուքյանը նշեց. «ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցերը՝ նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո։ Մեր նախարարը ոչ թե 360 տոննա բեռի հարց պետք է բարձրացնի, այլ ընդհանրապես միջանցը բացելու հարցը պետք է բարձրացնի, որը, բնականաբար, բարձրացվել է և քննարկվել է հանդիպման ժամանակ»։
Անդրադառնալով Ալիևի օգնական Հաջիևի հայտարարությանը, թե խաղն արդեն ավարտված է, և Ղարաբաղին մնում է միայն ինտեգրվել, Էդմոն Մարուքյանն արձագանքեց․ «Հաջևի հայտարարությունը դիվանագետի հայտարարություն չէ։ Եթե հարյուր հազարավոր մարդկանց կյանքի հարցը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա թողնում են միջազգային հանրության խղճին։ Ինտերգման վերաբերյալ ասեմ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարելու հնարավորություն ունի։ Եվ թող բանակցեն իր ասածի շուրջ, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կորոշեն, թե իրենք ինչ են ուզում։ Ասում է՝ խաղն ավարտված է, դե գնացեք, բանակցեք և ասեք մարդկանց, «Թվիթերում» չեն բանակցում»։
Մարուքյանը շարունակում է հույս հայտնել, որ ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև տեղի կունենան քննարկումներ։
Հիշեցնենք, որ երեկվանից 19 բեռնատար, որը Արցախ պետք է տեղափոխեր հումանիտար բեռ, կանգնած է Կոռնիձորում։