Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը Տավուշի մարզի Վազաշեն համայնքից էր, ծառայում էր Վայքում:
NEWS.am-ի հետ զրույցում Մուրադի համագյուղացին պատմեց, որ նա սեպտեմբերի 1-ին կդառնար 19 տարեկան։ Մուրադի հայրը պայմանագրային զինծառայող է եղել, մայրը տնային տնտեսուհի է։ Ուներ 15 տարեկան եղբայր։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Իջեւանի տեխնիկական քոլեջի ավտոմեխանիկայի բաժնում։
«Դեպքից մոտ կես ժամ առաջ է խոսել ընտանիքի հետ, մորից խնդրել է իրեն որոշ բաներ ուղարկել։ Նաեւ ընկերների հետ է խոսել, նորմալ տրամադրություն է ունեցել։ Դեռ հստակ չգիտենք՝ ինչ է եղել, գյուղում տարբեր խոսակցություններ կան»,- նշեց մեր զրուցակիցը։
Նա հավելեց, որ Մուրադը ծառայության ավարտից կես տարի անց միացել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, որով պետք է հինգ տարի անցներ պայմանագրային զինծառայության։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ զինծառայողի դին հայտնաբերվել է գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով, կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։