Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:
Որոշման հիմնվորման մեջ նշվում է, որ առաջին ատյանի դատարանների դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին և պատասխանատվությանը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ Հայաստանում կա 300 դատավոր, եւ այս որոշումով նրանցից 206-ի աշխտավարձը շուրջ 60 տոկոսով կբարձրանա:
Ընդգծվում է դատավորների՝ «կարմիր նշակետը» հատող գերծանրաբեռնվածությունը և այդ ծանրաբեռնվածության ու դատավորների ներկայիս վարձատրության անհամապատասխանությունը: Ընդ որում, վիճակագրության արդյունքներով քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները:
Նաեւ նշվում է, որ արդեն իսկ հավելում է սահմանվել հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այնուհետև վերանայվել են նաև Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը:
Այս խնդրին անդրադարձել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը, որը իր զեկույցներից մեկում նշել է, որ դատավորների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց մասնագիտական արժանապատվությանը և այդ համարժեք վարձատրությունը անփոխարինելի է դատավորներին արտաքին անհարկի միջամտությունից պաշտպանելու համար։