44-օրյա պատերազմում Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները երեկ գրեթե 9 ժամ փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկվա ակցիայից հետո, նրանք բացեցին ճանապարհները: Ապա գնացին հանդիպման փոխոստիկանապետի հետ:
Aysor.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի մայր տիկին Անահիտն լրատվամիջոցին պատմել է, որ խոսել են փոխոստիկանապետի հետ, ով հավաստիացրել է, որ միշտ իրենց կողքին են լինելու. «Այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ նրանք պարզապես հրաման են կատարում և եթե հրաման լինի ճանապարհը բացելու, նրանք ստիպված ուժ են կիրառելու։ Նրանք մեր տղամարդկանց փորձել էին բացատրել, որ ավելի քան 8 ժամ ճանապարհ փակելը, այն էլ կենտրոնական հատվածում՝ աբսուրդ ա»։
Տիկին Անահիտի խոսքով՝ իրենք գնահատում են ոստիկանների քայլերը, նրանք միշտ կոռեկտ են իրենց պահել, նույնիսկ շատ վատ են վերաբերվում այն մարդկանց, ովքեր փորձում են վիրավորել անհետ կորած զինծառայողների տղաներին. «Նրանք մեզ նման իրենց շատ վատ են զգում այդ անհայրենիքների խոսքից և պատասխան են տալիս դրանց»։
Տիկին Անահիտի խոսքով՝ փոխոստիկանապետը չի երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանը կընդունի ծնողներին. «Խնդրեց, որ նամակ գրենք, որ հանդիպում ենք խնդրում վարչապետի, ԲԴԽ ղեկավարի, քննչականի ղեկավարի հետ։ Մեզ ասաց, որ այն կկազմակերպվի առավելագույնս շուտ ժամկետում։ Հարցրեցինք, թե դա ե՞րբ կլինի՝ թե բա 10-12 օր։ Մենք 15 օր ժամանակ ենք տվել։ Օգոստոսի 10-ը մինչև ժամանակ ենք տվել։ Մենք էլի գիտենք, որ հաստատ չեն հանդիպելու, բայց այս քայլին էլ կգնանք։ Եթե չհանդիպեցին, մենք այլ փողոցներ կփակենք։ Կփակենք միջպետական ճանապարհները, որ չկարողանան ատոմակայան գնալ, աշխատանքի գնալ։ Նախորդ անգամ գեներալը մեզ խստացավ, որ Նիկոլը կընդունի մեզ ու դա տեղի չունեցավ, երեկ գեներալն այնտեղ կանգնած էր ու ոչ մի ձայն չէր հանում, ինքն իրեն շատ վատ էր զգում, քանի որ իր խոսքը ոչ մի գին չունեցավ»։