Նախօրեին կյայացած ասուլիսում վարչապետի հնչեցրած հայտարարությանը ավելացնելու բան չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի այն հայտարարությանը, թե Բրյուսելում հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար բեռները Աղդամի ճանապարհով Արցախ հասցնելու վերաբերյալ:
«Վարչապետը նախօրեին կայացած ասուլիսում անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, թե ինչի շուրջ են բանակցել Բրյուսելում՝ այդ համատեքստում հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Ավելացնելու այլ բան չունեմ»,- ասաց նա:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը նշել էր, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար: Նա հավելել է, որ «այդ հարցը նշված է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։
Հաջիեւը նաեւ նշել է, որ «Հայաստանի կողմից Աղդամի ճանապարհի օգտագործումից հրաժարվելը, միայն Լաչինի ճանապարհի օգտագործման պնդումը եւ այդ հարցի քաղաքականացումն անթույլատրելի են»։ «Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի ղարաբաղյան շրջանից եւ դադարեցնի ապօրինի խամաճիկային ռեժիմի ֆինանսավորումը»,-նշել է նա՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը»:
Նիկոլ Փաշինյանն էլ նախօրեին տված իր մամուլի ասուլիսում անդրադառնալով Աղդամի ուղղությամբ հումանիտար բեռներ տեղափոխելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանն ասել է. «Ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունեմ, ոչ էլ մանդատ։ Իսկ Լաչինի միջանցքի հարցի քննարկելունն ունեմ, որովհետեւ այն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի ստորագրողներից մեկը ես եմ»։