Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որը Լաչինի միջանցք տանող ճանապարհին հետևում է Հայաստանից Արցախ հումանիտար բեռների տեղափոխմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ անձամբ Կոռնիձորում է, որպեսզի հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է:
«Մեր առաքելության մեկնարկից ի վեր մենք պարեկություն ենք անում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, դիմակայության գծի երկայնքով, մշտադիտարկում ենք իրավիճակը սահմանին: Մենք այցելում ենք հակամարտությունից տուժած բնակավայրեր և զեկուցում ենք Բրյուսելին, թե ինչ է կատարվում այստեղ, և դրանով աջակցում ենք խաղաղության բանակցություններին և Եվրամիության խաղաղարար ջանքերին: Լաչինի միջանցք մտնող ճանապարհը մեր պատասխանատվության գոտում է, և մենք դիտարկում ենք, թե ինչ տեղի կունենա այստեղ այսօր՝ տեղյակ չլինելով, թե ինչ է կատարվում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությունը 19 բեռնատարներով արդեն Կոռնիձորում է, բայց դեռ պարզ չէ՝ կհաջողվի բեռը հասցնել Արցախ, թե ոչ: Առավոտյան, նախքան բեռները Երեւանից Սյունիք կշարժվեին, դրանց պարունակությանը ծանոթացել են արտգործնախարարություն հրավիրված դեսպանները, իսկ Կոռնիձորում իրադարձությունների զարգացմանը հետեւում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը: Արցախի նախագահի կողմից աղետի գոտի հայտարարված, 227 օր շրջափկման մեջ գտնվող Արցախ հրատապ կերպով հումանիտար բեռ ուղարկելու որոշումը կայացվեց նախօրեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի նիստում: Ադրբեջանում այս նախաձեռնությունը սադրանք են անվանել: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է զերծ մնա նման գործողություններից: Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներն ու դեղորայքը Արցախ հասցնելու հարցով հայկական կողմը դիմել է ռուս խաղաղապահներին: Աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնել է, որ դեռ սպասում են ռուսական կողմի արձագանքին: