Էջմիածնի «քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր՝ հուլիսի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դիմաց: Հիշեցնենք, որ ժամանակավորապես այս շենք է տեղափոխվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Նրանք բողոքում են, որ իրենց որդիների գործով ոչինչ չի արվում:
Անհետ կորած զինծառայողների ծնողները փակեցին Բաղրամյան պողոտան: «3 տարի է` մեզ խաբում են, մենք այս քայլին ստիպված ենք դիմում»,–ասաց ծնողներից մեկը։
Նրանք մեկ շաբաթ առաջ էլ կառավարության շենքի մոտ էին բողոքի ակցիա իրականացրել: Նրանց խոստացել են, որ օր կնշանակեն եւ հանդիպում կկազմակերպվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մինչ այս պահը այդ հանդիպումը չի կազմակերպվել, դրա պատճառով էլ այսօր նորից նրանք բողոքի ակցիա են իրականացնում:
«Խնդրել էին, որ ժամանակ տանք, հիմա անցել է մեկ շաբաթ, պատասխան չկա, էստեղից չենք գնալու, մինչև Նիկոլ Փաշինյանը մեզ չընդունի, պետք լինի՝ 10 օր էլ կսպասենք»,- ասաց ծնողներից մեկը։
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: