Արցախում իրավիճակն օր օրի վատթարանում է, էլ տեղ չկա, դրսում չեն պատկերացնում, թե ինչպիսին է Արցախում ժողովրդի վիճակը, ինչպիսի հոգեբանական պայմաններում է ապրում մեր ժողովուրդը, մեր երեխաները, հղիները, ծերերը, բոլորը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը:
«Խաթարվել է բոլորի կյանքը, առօրյան, երեխաների կրթությունը, մեծ վտանգի մեջ ենք, ուղղակի լացս գալիս է: Եվ այս ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ինքը հայության կործանման հիմնական մեղավորն է»,-ասաց նա:
Անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսությանը, որին կողմ է արտահայտվել նաեւ Սամվել Բաբայանը, պատգամավորն ասաց, որ միանշնակ դեմ է նման երկխոսությանը. «Ո՞նց կարելի է երխոսության գնալ, ինչքան էլ երկխոսության գնանք, իրենց նպատակը միայն մեկն է՝ ինտեգրում: Ո՞նց կարող է մեր 18 տարեկանը գնա ադրբեջանական բանակում ծառայի: Ես չեմ պատկերացնում այդպիսի բան, դա անհնարին է: Սամվել Բաբայանը թող իր կարծիքը ամբողջ ժողովրդի վրա չտարածի, դա իր կարծիքն է: Թող Աղդամ առաջինը ինքը գնա, կամ իր երեխային ուղարկի»,-ասաց նա:
Նելա Գրիգորյանը հավելեց, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի վստահություն չկա. «Ամեն օր խաղաղության պայմանագրի մասին են խոսում, էլի կրակոցները կան, սպանությունները կան: Ո՞նց կարելի է թույլ տալ, որ բարեկամանանք ադրբեջանցիների հետ: Հարեւանություն կարող ենք անել, բայց ոչ ինտեգրվել, մեր երեխաները այնտեղ ծառայեն, ոչ մենք գնանք գանք: Դեռ շատ շուտ է նման բանի համար, պետք է հարյուրամյակներ անցնի»:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանի իշխանություններից, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ես այս պահին ոչ մի ակնկալիք չունեմ, քանի որ արդեն բարձր մակարդակով հայտարարել են, որ Արցախն Ադրբեջան է: Ո՞վ է Մարիա Կարապետյանը, որ մեր անունից ասում է՝ սա Ադրբեջան է: Նրանք կործնման են տանում իմ չքնաղ աշխարհը»:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, նա ասաց. «Էլի ինչ-որ չափով ակնկալիքս կարող է իրենց հետ կապված լինի: Գուցե ինչ-որ մի փոքր լույս ծագի, միայն հույսս դա է»: