Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևանների հետ, դրա համար էլ ՀՀ կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Այս մասին իտալական «La Repubblica» պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում։
«Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»,- նշել է Խաչատուրյանը։
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը: