Search
Close this search box.

«Մեքենաներ այլեւս չենք վարում, ոտքով ենք հասնում մեր հեռավոր դաշտերը»․ իրավիճակը Շուշիի շրջանի գյուղերում

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելու հետեւանքով Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները հայտնվել են լիակատար շրջափակման մեջ՝ կտրվելով թե մայրաքաղաք Ստեփանակերտ, թե Գորիս հասնելու հնարավորությունից։

Մինչեւ ապրիլի 23-ը՝ անցակետի տեղադրումը, գյուղացիները կարողանում էին մայրաքաղաքից կամ Գորիսից իրենց համար անհրաժեշտ պարագաներ, սնունդ բերել, սակայն այժմ գյուղացիները գոյատեւում են Կարմիր խաչի կամ կառավարության տված օգնության միջոցով։

Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանի խոսքով՝ մայրաքաղաք Ստեփանակերտի համեմատ գյուղերում իրավիճակը մի փոքր լավ է, քանի որ գյուղացիները կարողանում են օգտվել իրենց աճեցրած մրգից եւ բանջարեղենից, սակայն դեղորայքի եւ վառելիքի առումով իրավիճակը ճգնաժամային է։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ չունենք, սակայն կան մարդիկ, որոնք կարող են հասնել այդ վիճակին, որովհետեւ նրանց անհրաժեշտ են պարբերական զննումներ եւ դեղորայքներ, ինչից զրկված են։ Մի քանի ամիսը մեկ պետք է խոլեստերինը ստուգվի, արյան անալիզներ հանձնվեն, բայց չեն կարողանում։ Դեղորայքն չի հերիքում, դեղատներում գրեթե ոչինչ չի մնացել»,- պատմեց Դավթյանը։

Գյուղապետի խոսքով՝ գյուղում այլեւս մեքենաներ չեն օգտգործվում վառելիքի սղության պատճառով։

«Մարդիկ ոտքով են հասնում իրենց հեռավոր դաշտերը, այլ հեռավոր այգիները ոտքով են գնում հասնում։ Խոտհարք չենք կարողանում անել, որովհետեւ վառլիք չունենք տեխնիկայի համար, մեծ դաշտերը չորացել են։ Այլեւս ճաշի համար էլ էլ հետ չեն գալիս, մինչեւ գան հասնեն տուն, նորից աշխատանքի ժամը կգա»,- նշեց Դավթյանը։

Պետությունը գյուղացիներին անվճար ալյուր է հասցում, իրենք հաց են թխում։ Նպարեղենը, ձեթը, առաջին անհրաժեշտության այլ պարագաններ համայքներ հասցվում են ըստ շնչի։ Մարդիկ իրենց թոնրի մեջ թխում են հացը։

«Ըստ շնչի պատվիրում ենք, բայց տեղում մարդ է լինում ասում է՝ սա չեմ ուզում, մեկ ուրիշն ասում է՝ սրանից շատ եմ ուզում, բաժանում ենք առանց խնդրի։ Հերթ չենք ունենում, մոտ 80 բնակիչ կա գյուղում, նախօրոք հայտարարում ենք, մոտենում են»,- ասաց Դավիթ Դավթյանը։

Եղցահող Կարմիր խաչ մի քանի օր առաջ է սնունդ հասցրել։ Այս պահին սննդի առումով խնդիր չկա, բայց հիգիենայի պարագաներ եւ ծխախոտ չեն մնացել։

«Մեկ շնչին մեկ արկղ նպարեղեն է հասցվել, կառավարությունն էլ ալյուրն է հասցնում։ Եթե իրավիճակը մի փոքր էլ այսպես շարունակվի, հաստատ չենք դիմանա։ Մեր գյուղի մթերային խանութներն այլեւս դատարկ են, փակվել են»,- նշեց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, ապրիլի 23-ին փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։

Please enter a valid URL