Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը 24TV-ի եթերում խոսելով Ալիևի հայտարարությունների մասին, ըստ որի՝ ինքը չի ճանաչում Արցախի իշխանություններին ու չի ցանկանում երկխոսել, ասել է. «Ես մի քիչ այլ տեսանկյունից եմ նայում: Երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է դրա մասին, կոնկրետ անձի անուն է տալիս, չի ասում՝ ընդհանրապես. պետք է նյուանսներին ուշադրություն դարձնենք: Հետևեք իրենց լրատվականներին, կտեսնեք՝ ում են ուզում, ինչ են ուզում»: Նրա խոսքով՝ պետք է փոխվստահություն ձեռք բերվի, առանց դրա՝ անիմաստ է քաղաքական բանակցություններ սկսելը. «Ադրբեջանն ասում է՝ Աղդամից, մենք ասում ենք՝ և՛ Աղդամի, և՛ Գորիսի կողմից պետք է ճանապարհները բաց լինեն, որ մարդիկ կարողանան շփվել և լուծել այն խնդիրները, որոնք կան»,- ասել է Բաբայանը:
Անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Ակնայով հումանիտար օգնություն տրամադրել Արցախին, Բաբայանը նշել է. «Մենք չենք ասում՝ Աղդամով ճանապարհ տրամադրվի, մենք Աղդամի հետ սահման ունենք, խնդիրները կլուծենք սահմանի բերանին… Շահավետ չէ Արցախի համար, որ Աղդամից առևտուր անի, բայց ստեղծված իրավիճակում պետք է ելք գտնել: Ասկերանի շրջանի սահմանի բերանին մենք կկարգավորենք մեր հարցերը, պետք է բանակցենք՝ իրենք իրենց առաջարկն անեն, մենք՝ մերը»: