ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը, որը խիստ արժեքավոր ու փաստական նյութեր էր պարունակում մարդկության դեմ ուղղված ադրբեջանական հանցագործությունների մասին։
Բաժինը բացվել էր դեռեւս 2010 թվականին, որտեղ հրապարակվել էր 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը։
«Սումգայիթ» էջն ուներ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում հրապարակվել էին սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների եւ հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները, տուժածների եւ իրավահաջորդների ցուցմունքները, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքները: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել էին ըստ վարչատարածքային միավորների՝ ներառելով նաեւ Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող նյութերը։
Դատախազությունն այն ժամանակ թվայնացրել էր քրեական գործի նյութերը՝ համագործակցելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, իսկ թվայնացման աշխատանքներին ներգրավվումը եղել էր կամավոր հիմունքներով։ Էլեկտրոնային արխիվի հիման վրա էլ ստեղծվել էր բաժինը, այսինքն՝ այն պարունակում էր բացառապես փաստավավերագրությունները՝ թույլ չտալով մարդկության դեմ կատարված հանցագործությունների կեղծումը, քողարկումը։
Օրեր առաջ «Փաստինֆո»-ն նկատել էր, որ դատախազության կայքից «Սումգայիթ» բաժինը հեռացվել է։ Պարզելու համար պատմագիտական նշանակության մեծածավալ և կարևորագույն աշխատանքի՝ պաշտոնական կայքից հեռացման պատճառները՝ լրատվամիջոցը կապ էր հաստատել ՀՀ դատախազության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի, որտեղից նախ զարմանքով էին արձագանքել, ապա ժամանակ խնդրել պարզելու՝ կա՞ արդյո՞ք այդպիսի տեղեկատվություն կայքում, թե՞ ոչ, իսկ ավելի ուշ, պատճառաբանեցին, թե կայքի հետ կապված տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով բաժնի նյութերն, այս պահին, անհասանելի են՝ հավաստիացնելով, թե կայքի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտից հետո, Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող ականատեսների նյութերն ամփոփող բաժինը՝ տեղեկատվության ողջ ծավալով, հասանալի կլինի կայքի այցելուների համար։
«Փաստինֆո» լրատվականը հետևողական կլինի՝ պարզելու և հրապարակելու պատմության համար խիստ արժեքավոր էլեկտրոնային արխիվի վերականգնման աշխատանքների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին։