Search
Close this search box.

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը գործածվում է որպես պատժամիջոց. փաստաբան

2020 թվականի ապրիլից գործում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը:

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Արթուր Հովհաննիսյան նշում է, որ միջազգային փորձում օրենքի նշանակությունն այն է, որ անձը կասկածվում է հանցանքի մեջ, սակայն ինչ-որ պատճառով նրա դեմ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, կարող է սկսվել քաղաքացիական վարույթ, եւ քննել կոնկրետ գույքի օրինականության հարցը եւ հանել այդ գույքը շրջանառությունից: Սակայն նրա կարծիքով՝ օրենքը մեր երկրում այլ կերպ է կիրառվում։

«Նպատակը ոչ թե ենթադրյալ անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքը վերցնելն է այլ, անձին լրացուցիչ պատժելը։ Այսինքն՝ անձին չեն կարողանում քրեական ճանապարհով պատասխանատվության ենթարկել, փորձում են ունեզրկել, որովհետեւ օրինակ անձը նախկին է»,- նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ օրենքի խնդրահարույց կողմերից մեկն այն է, որ եթե քրեական վարույթ է նախաձեռնվում անգամ կարճվելու դեպքում, Դատախազությանը հնարավորություն է ստանում կատարել անձի մինչեւ 1991 թվականը հասնող գույքի ուսումնասիրությունը։

«Օրենքը թույլ է տալիս վերադառնալ այդքան տարի հետ, բայց պարտադիր չէ, որ գործը կապված լինի ապօրինի ձեռք բերված գույքի հետ։ Այսիքն այդ մեկ գործի հիման վրա իրավունք են ստուգելու ամբողջ տարիներին ձեռք բերված գույքի նկատմամբ։ Ոչ եվրոպական կոնվենցիան, ոչ այլ երկրներ որոնք ունեն նման մեթոդներ, իրենցն առջեւ նպատակ չեն դրել առհասարակ ստուգել անձանց բոլոր գույքերի ձեռքբերման հիմնավորվածությունը»,- նշեց նա։

Փաստաբանը սա անհեթեթ է համարում, որ դժվար կլինի ապացուցելը նման վաղեմություն ունեցող գույքի օրինականությունը:

«Եթե ապօրինի ձեռք բերված գույքն այլեւս չկա կարող են տանել օրինական ձեռք բերվածը եւ քաղաքացին կարող է սնանկ ճանաչվել, որովհետեւ նախկինում ինչ-որ գույք է ունեցել, բայց այս ամենը հակասում է սեփականության իրավունքի պաշտպանության օրենքին եւ սահմանադրության դրույթներին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Please enter a valid URL