Search
Close this search box.

SOS. 10 ամսական փոքրիկի մայրը միացել է հացադուլին

«Կանայք հանուն Արցախի» շարժմանը միացած կանայք ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակում են նստացույց- հացադուլն արդեն 5 օր։ Ի զորակցություն տոտալ շրջափակման մեջ գտնվող, սովի եզրին կանգնած Արցախի մեր հայրենակիցների իրականացվող ակցիային միացողների թիվն օրեցօր ավելանում է։

Սայիդա Պողոսյանը, երեք անչափահաս երեխաներին տանը թողել, 10 ամսական փոքրիկի հետ եկել ու միացել է հացադուլին։
«Աշխարհի ցանկացած կետում, որտեղ թեկուզ մեկ հայ է ապրում, չպիտի անտարբեր լինի կատարվողին։ Արցախում աղետ է բառի բուն իմաստով։ Արցախի մեր հայրենակիցներին իրավունք չունենք մենակ թողնելու։ Ամբիցիաները, նախասիրությունները մի կողմ դնել ու անհապաղ համախմբվել է պետք Արցախի փրկության գաղափարի շուրջ։ Եթե արագ ոտքի չկանգնեցինք, անդառնալին է լինելու։ Ինչպես կարելի է իմանալ, որ թշնամու կողմից պաշարված Արցախեւմ երեխաները կիսասոված են քնում ու արթնանում, իմանալ, որ մարդիկ ուշագնաց են լինում թերսնվելու, եղած մի կտոր հացը երեխաներին թողնելու պատճառով ու ձեռքերը ծալած նստել»- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Սայիդան։

Հացադուլին միացած Սոֆիա Հովսեփյանը յոթ ամիս շրջափակման մեջ էր։ Արցախից Երեւան է վերադարձել 55 օր առաջ’ բարդ հղիության պատճառով։

Հիմա քառասուն օրական փոքրիկին թողել ու միացել է հացադուլին։

«Առաջին հերթին’ ի զորակցություն Արցախում պարտադրված հացադուլի մեջ գտնվող մեր հայրենակիցներին է այս նախաձեռնությունը։ Ուզում ենք կիսել այնտեղ գտնվող մայրերի դժվարությունները, որոնք անասելի զրկանքների գնով իրենց երեխաների համար սնունդ են փորձում հայթայթել»-ասում է ԱԺ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման ծրագրի հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը։

Շարժմանը միացած Աննա Արծրունուն ցնցել էր օրեր առաջ Մարտակերտում մահացած երկու անչափահաս երեխաների մահվան մասին բոթը։

Որ այդ լուրը լսեցի, ուղեղս մթագնեց… ոտքերս բերեցին ուղիղ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղ փակցված էին երեխաների լուսանկարները։ Եկա ու այստեղ հանդիպեցի’ Հերմինեին ու Մարգարիտային։ Իմացա, որ մանկահասակ երեխաների մայրերը ի զորակցություն Արցախի թերսնվող երեխաների ու հղիների, հացադուլ են անում։ Առանց մի վայրկյան մտածելեւ’ որոշեցի միանալ», — պատմում է Աննան։

Արցախի հետ Աննայի կապն ազատագրված Շուշիից էր սկսվել։ Ասում է’ արմատներս Լոռիում ու Սյունիքում են, սիրտս ու հոգիս’ Արցախում…

Բոլոր այս կանանց միավորել է վտանգված Արցախը, պաշարված, կիսասոված հայրենակիցներին զորավիգ լինելու ձգտումը։

«Փաստինֆո»-ի թղթակիցը հայտնում է, ․որ ակցիային միանում ենք նաեւ այլ մայրեր։

Please enter a valid URL