Երեւանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:
Կուսակցության տարծած հայտրարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին տարիներին մեր երկրում ընթացող իրադարձությունները անառարկելիորեն փաստեցին, որ մեր հանրությունը համախմբման և միավորման կենսական անհրաժեշտություն ունի: Մեր երկրի պետականության պահպանման և հետագա զարգացման համար ցավոք ինչպես պետության, այնպես հասարակության մոտ բացակայում է միասնական տեսլականը: Այդ հանգամանքը ավելի է խորացնում առանց այդ էլ բզկտված հասարակության բևեռվածությունը և անհանդուրժողականությունը:
Ինչպես գիտեք մայրաքաղաքի բնակիչների դուռն արդեն թակում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները:
«Ուժը հայրենյաց» կուսակցությունը, խիստ մտահոգված լինելով վերը նշվածով, ինչպես նաև քաջ գիտակցելով մեր երկրի առջև կանգնած լրջագույն մարտահրավերները, պատրաստվում է իր մասնակցությունն ունենալ Երևանի ավագանու ընտրություններին: Մեր կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը դուրս է գտնվում այսպես կոչված «նախկինների» և «ներկաների» օրակարգից և պատրաստ է լծվել պետության կերտման գործին: