Ռուսաստանը հինգշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հացահատիկի գործարքի դադարեցման պատճառով Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռների փոխադրող։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության հեռագրային ալիքը։
«Սևծովյան նախաձեռնության գործունեության դադարեցման և ծովային հումանիտար միջանցքի սահմանափակման կապակցությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Սև ծովի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ. ըստ այդմ, այդ նավերի դրոշների երկրները կհամարվեն ներգրավված ուկրաինական հակամարտությունում՝ Կիևի ռեժիմի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ Սև ծովի միջազգային ջրերի հյուսիսարևմտյան և հարավարևելյան հատվածներում մի շարք ծովային տարածքներ ժամանակավորապես վտանգավոր են նավարկության համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ հացահատիկի գործարքն «անցել է պատմության գիրկը» և խոստացել է կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ։