«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ կեսգիշերին Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից 3 զոհ, 1 տասնակից ավելի վիրավոր ունենք…
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվն ահագնացող չափերի է հասել։ Եվ եթե ՃՏՊ-երի կանխարգելմանն ուղղված ռազմավարական մոտեցում լիներ, ապա այսօր, գուցեև, այս պատկերը մենք չունենայինք։
Աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն գտել են լուծումն ու առաջնորդվում են, օրինակ, Vision Zero հատուկ հայեցակարգով, որը ենթադրում է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ բարեփոխումներ։
Vision Zero-ն սահմանում է, որ Ճանապարհային համակարգը և դրա հետ կապված քաղաքականությունը պետք է նախագծված լինեն այնպես, որ անխուսափելի սխալները չհանգեցնեն լուրջ վնասվածքների կամ մահվան:
Սա նշանակում է` ճանապարհային միջավայրի բարելավում, քաղաքականության (օրինակ՝ արագության կառավարումը) և հարակից այլ համակարգերի վերանայում։ Ուստի Vision Zero-ն ոչ թե զուտ հայեցակարգ է, այլ սկզբունքորեն միանգամայն այլ մոտեցում ճանապարհային երթևեկությանը։
Իսկ այն, որ վերջինիս ուղղությամբ աշխատելու տեղ և անելիք դեռ շատ կա, անժխտելի փաստ է։