Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները քիչ առաջ փակեցին Բաղրամյան պողոտան։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
«3 տարի է` մեզ խաբում են, մենք այս քայլին ստիպված ենք դիմում»,–ասաց ծնողներից մեկը։
Ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք սկզբում կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում Փաշինյանի հետ, այնուհետև, տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան շարունակեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ։
Նախագահականից խոստացել էին, որ նրանց կընդունեն, բայց ոչ ոք նրանց մոտ չիջավ զրուցելու։ Այս պահին Բաղրամյան պողոտայում խցանում է առաջացել։
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: