Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթի, հանդես է եկել անհեթեթ մեղադրանքների հերթական շարանով։
Հայկական կողմին մեղադրելով «խաղաղությամբ եւ կայունությամբ շահագրգռված չլինելու, խաղաղ գործընթացին խոչընդոտելու» եւ այլնի մեջ՝ Բաքվում հայերի իրավունքների եւ անվտանգության մասին գրում են չակերտներում՝ դրանով իսկ ցուցադրելով իրենց իսկական վերաբերմունքը։ Դա բացատրվում է նրանով, որ «Ադրբեջանը հավասարապես ապահովում է եւ կապահովի բոլոր էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը, որոնք ապրում են երկրում»։ Հավանաբար, ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանական իշխանություններն «ապահովում էին հայերի անվտանգությունը Բաքվի, Սումգայիթի, այլ քաղաքների հայերի զանգվածային ջարդերի ժամանակ։
Ադրբեջանի ԱԳՆ-ում Արցախի սուր հումանիտար իրավիճակը համարում են «քաղաքական արկածախնդրություն» եւ «Հայաստանի մանիպուլյացիա», իսկ Աղդամով փոխադրումներին առարկելը «այդ նկրտումների չհիմնավորվածության օրինակ է»։ Խեղաթյուրելով ՄՔԴ որոշումը՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը խեղաթյուրելու մեջ»։
Բաքուն վերջում Հայաստանին մեղադրում է «Ադրբեջանի արեւելյան շրջաններից դեպի Նախիջեւան տրանսպորտային ուղիները բացելու պարտավորությունը չկատարելու մեջ»։ Հիշեցնենք, որ խոսքը Սյունիքի մարզով «միջանցք» ստանալու Բաքվի փորձի մասին է, որպեսզի հետագայում փորձի անեքսիայի ենթարկել նաեւ Հայաստանի տարածքի այդ մասը։