Search
Close this search box.

Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն. Նիկոլ Փաշինյան

Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը. Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Արտաշատ քաղաքում կայացալ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նրան են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ, որոնք առաջարկվում են Կառավարության կողմից: «Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը և Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, որոնք միտված են լինելու հնարավոր խնդիրների լուծմանը: Վարչապետն ընդգծել է, որ պետք է մթերման պրոցեսները կազմակերպելու նպատակով գնալ ռազմավարական լուծումների:

Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նաև աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ:

Please enter a valid URL