Օրերս իշխանության գլխավոր այսպես ասած քարոզիչ-սազանդար Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության եթեր է հրավիրում իշխանության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին, նրա հետ ակնհայտ քարոզչական, նախընտրական հարցազրուց վարում, բայց ձեռքի հետ չքմեղացած հարց է տալիս, թե ինչու է ընդդիմությունը Ավինյանին մեղադրում անօրինական քարոզարշավ իրականացնելու մեջ, ինչին Ավինյանը պատասխանում է, որ Երևանում ինքը նախընտրական պաստառներ չունի, ոչ մեկ իր նախընտրական պաստառները չի տեսնում:
Բայց դրա փոխարեն իրեն գրեթե ամեն օր տեսնում են հանրային կամ իշխանական միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերությունների եթերներում. դա քարոզչություն չի, իր կողմից իրականացվող հսկայական աշխատանքի լուսաբանումն է:
Միայն թե այդ աշխատանքի իրական արդյունքը գլոբալ առումով չկա, կա միայն լուսաբանումը:
Պետրոս Ղազարյանը, ով Ավինյանի այսպես ասած ապօրինի քարոզարշավի կազմակերպիչներից մեկն է, փարիսեցիաբար հարցնում է, թե ինչպես է ստացվում, որ Երևանի փոխքաղաքապետերից հենց Տիգրան Ավինյանի գործունեությունն է մամուլը այդքան հաճախ լուսաբանում:
Պետրոս Ղազարյանը ուզում է անաչառ լրագրողի տպավորություն ստեղծել, ով իբրև թե տալիս է ամենաանհարմար հարցերը, չնայած զրուցակիցը իշխանության ներկայացուցիչ է: Բայց այդ հարցը Պետրոս Ղազարյանը պետք է տա ինքն իրեն՝ թե ինչու է հենց Տիգրան Ավինյանին անընդհատ հրավիրում հարցազրույցի, չէ որ նախորդ հարցազրույցը նույն Պետրոս Ղազարյանը Ավինյանի հետ վարել է ընդամենը երեք ամիս առաջ, ինչու որևէ ուրիշ փոխքաղաքապետի չի հրավիրում հարցազրույցի:
Հարցազրույցը ակնհայտ նախընտրական քարոզչություն, քանի որ հարցազրույցում հիմնական հարցերը վերաբերվում են ոչ թե Երևանի ակնհայտ փնթի, կեղտոտ և անկազմակերպ հանրային կյանքին, այլ իբրև թե սպասվող պայծառ ապագային:
Ղազարյանը Ավինյանին հարցնում է, թե ինչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են պետք Երևանին` թաղը, փողոցը շենքը, վերելակը, ավտոբուսը ինչպես են փոխվելու առաջիկայում, քաղաքի մասով ինչ մեծ ծրագրեր են նախատեսվում իրականացնել առաջիկայում: Հետո հարցով հուշում է, որ Ավինյանը ավելի խոշոր, ավելի մոնումենտալ ծրագրերի մասին խոսի, ի վերջո ապավինի երևակայությանը:
Ավինյանը խոսում է ապագա անելիքների մասին` հասարակական տրանսպորտի բարեփոխումներ, թափանցիկություն շինթույլտվությունների տրամադրման ոլորտում, այգիների հիմնում և վերակառուցում, 2024 կամ 2025 թվականին կառուցվելիք մանկապարտեզների քանակ: Եվ անգամ ձևի համար չի էլ ասում, որ դրանք կարվեն, եթե երևանցիները իրենց ձայն տան, եթե ինքը ընտրվի քաղաքապետ: Դե երևի գիտի, որ քաղաքապետ դառնալու որևէ հնարավորություն չունի: Իրեն պետք է անօրինական նշանակեն քաղաքապետ, այնպես ինչպես հիմա է շատերի փաստարկմամբ ապօրինաբար բռնազավթել քաղաքապետի պաշտոնը:
Պետրոս Ղազարյանը և Տիգրան Ավինյանը երևանցիներին ու ընդհանրապես հայաստանցիներին նման հաղորդումների, նման հարցազրույցների միջոցով փորձում են հարմարեցնել այն մտքին, որ ընտրություններն արդեն տեղի են ունեցել, որ Տիգրան Ավինյանը արդեն ընտրված քաղաքապետ է, և այդ փաստը պետք է ընդունել առնվազն ի գիտություն: Դա արվում է ցույց տալու համար, որ երևանցին, ընտրողը ոչինչ չի որոշում, իրենց փոխարեն արդեն, այսպես ասած, որոշել են Պետրոս Ղազարյանը, Տիգրան Ավինյանը և Նիկոլ Փաշինյանը:
Իրականում նման հաղորդումները, նման հարցազրույցները բացահայտում են իշխանության ու նրա քարոզիչների վախերը. նրանք վախենում են ընտրություններից, վախենում են իրական արդյունքներից: Եթե չվախենային, նման ճակատային հարձակումներ չէին գործի հասարակության նկատմամբ, հանրային կարծիքի նկատմամբ:
Այս հարցազրույցը ոչ միայն անօրինական նախընտրական քարոզարշավ է, այլև, կարելի է ենթադրել, ապագա ընտրակեղծարարության նախապատրաստություն:
Armlife.am