Search
Close this search box.

ՖՈՏՈ. Լավ լուր. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԼԱՎ ԼՈՒՐ
Հիշում եք, չէ՞, Տիգրանաշենի հատվածի հետ կապված արդեն 3 տարվա պատմությունը, երբ ՀՀ կառավարությունը 2019-ի հուլիսից մինչև 2020-ի հուլիս հիմնանորոգել էր Երասխ գյուղից մինչև Զանգակատուն գյուղ տանող միջպետական ճանապարհը, բայց միլիմիտրերի ճշտությամբ բաց էր թողել նախկին ԽՍՀՄ քարտեզներով ադրբեջանական անկլավ համարվող Տիգրանաշենի 4,5 (4,65) կմ ճանապարհահատվածը։
Թե ինչու էր պատերազմից 1 տարի առաջ ՀՀ կառավարությունը 26,1 կմ ճանապարհի ասֆալտապատման ժամանակ բաց թողել 4,5 կմ հատվածը, մեր հայրենակիցները հասկացան 2023թ․ գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, թե պատրաստվում է Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին։ Ես, իհարկե, 2021-ից ասում էի այդ մասին, բայց մարդիկ գերադասում են տրվել քաղցր ստին ու գլորվել ձորը, իսկ երբ աղետը հասնում է սեփական դռանը, նոր են գլխի ընկնում իրենց սխալի հետևանքները։

Ինչևէ, 2021-ից մինչև հիմա պարբերաբար դիմում էի ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ու բացատրելով, որ Տիգրանաշենը պետք է մնա ՀՀ կազմում, քանի որ դա ոչ միայն մեր պատմական, այլև ռազմավարական անչափ կարևոր տարածքն է։ Տիգրանաշենը հանձնելով՝ մենք հանձնելու ենք դրանից հարավ բոլոր տարածքները՝ Վայոց ձորը, Սյունիքն ու Արցախը ամբողջովին։
Ի վերջո, 2022-ին հնարավոր եղավ հասնել նախնական համաձայնության՝ նորոգել նաև Տիգրանաշենի ճանապարհահատվածը, բայց այստեղ կարևորը ոչ թե բուն ճանապարհն է, այլ ԿԱԴԱՍՏՐԸ։

Հիմնանորոգել մի ճանապարհ, որից հրաժարվել ես ավելի վաղ, նշանակում է խախտել հանձնելու պայմանավորվածությունը։ Իսկ ինչո՞ւ չխախտել պայմանավորվածությունը, եթե թշնամին ամեն պահ է խախտում։ Մնացած քաղաքական, կադաստրային ու տնտեսական հարցերը ավելի խորքային են, և հնարավոր չէ մեկ հրապարակման մեջ ներկայացնել։

ՀԻՄԱ
Վերջապես հնարավոր եղավ ՀՀ կառավարությանը հասցնել այդ որոշման։ 2023թ․ մայիսի իմ մի նամակին եղավ պատասխան, որ շուտով կհատկացվի Տիգրանաշենի ճանապարհի նորոգման ֆինանսավորում։
2023-ի հունիսի 26-ին ևս մեկ նամակով խնդրեցի հստակ ժամկետներ նշել, թե երբ է ֆինանսավորում հատկացվելու Տիգրանաշենի ճանապարհի համար (փաստաթուղթը՝ կից նկարում)։

Իմ վերջին նամակից ուղիղ երեք օր հետո՝ 2023-ի հունիսի 29-ին ՀՀ կառավարության նիստում վերջապես հաստատվում է ֆինանսավորումը, և այդ մասին ՀՀ կառավարությունը տեղեկացնում է հուլիսի 4-ին ինձ ուղարկած նամակում (փաստաթուղթը՝ կից նկարում)։
Թույլ չենք տա հանձնել մեր Տիգրանաշենը։

Please enter a valid URL