Search
Close this search box.

Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. ՔՊ-ական պատգամավոր

Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, բայց Հայաստանի դերն ընդամենը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցերն այս շրջանակում պետք է քննարկվեն, որպեսզի ունենա միջազգային տեսանելիություն»,–ասաց Խանդանյանը։

Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, և իրենք այդ մասին անդադար խոսում են բոլոր խորհրդարանական շփումներում, բայց նաև ընդգծեց, որ Հայաստանի դերը ընդամենը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է։

«Մեր դերը պետք է լինի փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և մի շարք հարթակներում, օրինակ` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում համապատասխան որոշումների հասնել, որոնք կենթադրեն նաև որոշակի գործողություններ. օրինակ` միջազգային ավելի լայն ներկայություն Լեռնային Ղարաբաղում, որն ավելի հստակ և երաշխավորված կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»,–ասաց Խանդանյանը։

Խանդանյաննընդգծեց, որ պետք է պահպանվեն նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները և իրագործվի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Պատգամավորի խոսքով` միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և այդ ընկալումը միջազգային գործընկերների մոտ առկա է։

Please enter a valid URL