Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիեւան հայտարարություն է տարածել՝ կապված Քելբաջարում (հայկական անվանումը՝ Քարվաճառ) խաղաղ բնակչի մասնակցությամբ ականի պայթյունի հետ։
Օմբուդսմենը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում տեղադրված ականներն ու չպայթած զինամթերքը, իբր, շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել խաղաղ բնակիչների կյանքին։
«Այս տարվա հուլիսի 13-ին ականի պայթյունի հետևանքով տուժել է Ադրբեջանի քաղաքացի, ով զբաղվում էր անհատական ձեռնարկատիրական գործունեությամբ Քելբաջարի շրջանի Սեիդլյար գյուղի տարածքում։
Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ականային «ահաբեկչությունը» հանգեցնում է ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց մահվան կամ վիրավորման, ինչպես նաև դանդաղեցնում է նախկին ներքին տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր, խոչընդոտներ է ստեղծում տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար։
Ադրբեջանի տարածքներում ականների տեղադրումը և ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզների բացակայությունը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների անհարգալից վերաբերմունքի ակնհայտ դրսեւորում է։
Որպես ԱՀ Մարդու իրավունքների հանձնակատար՝ կոչ եմ անում համապատասխան միջազգային կազմակերպություններին վճռական քայլեր ձեռնարկել ականային «ահաբեկչությունը» կանխարգելելու համար, Ադրբեջանին փոխանցել մեր տարածքներում տեղադրված ականների ճշգրիտ քարտեզները»,- ասել է օմբուդսմենը։