Search
Close this search box.

Ձերբակալվել են հեղաշրջման փորձի մի շարք մասնակիցներ

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբավորման 18 անդամների, ովքեր մասնակցել են 2022 թվականի հունվարին Ալմա-Աթա, Շիմքենթ, Ակտոբե, Կոստանայ և Թուրքեստան քաղաքներում տեղի ունեցած անկարգություններին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության հղումով։

Գերատեսչության տվյալներով՝ հանցավոր խմբի ղեկավարն Արման Ջումագելդիևն է։ Չնայած դրան՝ խմբի մյուս անդամները շարունակում են անօրինական գործունեություն ծավալել։

Նշվում է, որ կատարվել է 36 խուզարկություն, առգրավվել է զենք ու զինամթերք, ինչպես նաև կրոնական գրականություն, հանդերձանք, որով կասկածյալները մասնակցել են անկարգություններին։

Ապրիլին Ղազախստանի մի քանի շրջաններում ոստիկանությունը բերման է ենթարկել այս կազմակերպված հանցավոր խմբի 12 անդամների, ովքեր ներգրավված են ծանր հանցագործությունների մեջ։ Բացի այդ, ապօրինի մոլախաղերի և այս խմբին ֆինանսավորելու համար բերման է ենթարկվել 53 մարդ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, որոնց մասնակիցները հարձակվեցին ոստիկանների և զինվորականների վրա։ Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին և դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը։ 

Հունվարի 7-ին իրավիճակը կայունացավ, իսկ հունվարի 19-ին ողջ հանրապետությունում չեղարկվեց արտակարգ դրությունը։ 

Իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 238 մարդ, ավելի քան 4,5 հազարը վիրավորվել է։

Please enter a valid URL