Search
Close this search box.

Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը․ Տեր Ներսես

Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը։ Արցախի Վերածննդի հրապարակում մեկնարկած անժամկետ համաժողովրդական շարժմանն ունեցած իր ելույթում այս մասին ասել է Շոշկավանքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը։

«Ժամանակ առ ժամանակ մեր հսկայական հայրենիքից հատվածներ ենք կորցրել՝ մեր համար նվիրական հայրենիքի մասեր․ որոշ մասը կորցրել ենք ծանր պայքարի մեջ, բայց երբեմն նաև զիջել ենք՝ ինչ-որ առումով հուսալով, որ մեզ հանգիստ կթողնեն մեզ, վերջապես խաղաղություն կունենանք։ Եվ հետո մեր կորցրած պատմական հայրենիքի տեղանուններով իբրև ինքասփոփանք խանութներ, փողոցներ ենք անվանակոչել։ Սա ինքնախաբեություն է, քանի որ ահա այսօր փորձում են Արցախը նույնպես արժանացնել այդ ճակատագրին։

Ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին, ինչպես որ վաղը ոչ մի բան չի կարող փոխարիել Սյունիքին, Տավուշին, Երևանին ու վերջապես Հայաստանին։ Այսօր վերջապես պիտի հասկանանք, որ մեր թշնամու համար ոչ մի նշանակություն չունեն մեր քաղաքական նախասիրությունները, կուսակցական պատկանելությունը, կրոնական հայացքները։ Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը։

Սուրբ գիրքն ասում է՝ ամեն ինչ ունի իր ժամանակը։ Այսօր ժամանակն է վերջապես հասկանալու այս իրողությունը։ Եվ ժամանակն է, որ այս իրողության շուրջ վերջապես կարողանանք համախմբվել, եթե որևէ այլ բան, գաղափարախոսություն, արժեք մեզ չի կարողանում համախմբել։ ժամանակն է, որ վերջապես սկսենք լսել իրար, հասկանալ, ներել և շեշտադրումները դնենք մեր նմանությունների, ոչ թե տարբերությունների վրա։ ժամանակն է վերջապես, որ Աստծո՝ մեզ պարզված ողորմության ձեռք բռնենք։ Աստծո ողորմությունն է, որ մեզ պահում է»,-ասել է Տեր Ներսեսը՝ հավելելով՝ անհույս վիճակներ չկար, երբ ազգը համախումբ է՝ հույսը դրած բացառապես իր ու Աստծո վրա։

Please enter a valid URL