Լեռնային Ղարաբաղի հարցը սովորական արտաքին քաղաքական հարց չէ, ես նույնիսկ կարող եմ ասել, որ ընդհանրապես արտաքին քաղաքականության հարց չէ, սա համազգային, էքզիստենցիալ հարց է, եւ եթե մնացած հարցերում Փաշինյանը կարող է չլսել այլ կարծիքներ, այս հարցում՝ չի կարող: Այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Դու Արցախ ես տալիս, Արցախը նվիրում ես Ադրբեջանին, Արցախը նվիրում ես Ադրբեջանին, դու հայրենիք ես տալիս, դու Հայաստանի պատմական հողերն ես տալիս, սա այն հարցը չէ, որ դու կարող ես արհամարհել եւ չլսել, սա քո լիազորությունների մեջ չի մտնում: Դու ոչ բարոյական, ոչ էլ իրավական հիմքեր ունես նման քայլ անելու: Բարոյապես իրավունք չունես, որովհետեւ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ են Արցախը ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում, ուստի միայն դրանից ելնելով դու բարոյական իրավունք չունես, գնաս, նման փաստաթուղթ ստորագրես: Այդ փաստաթուղթը ստորագրելով դու անտեսում ես 1991 թվականի գերագույն խորհրդի որոշումը, որն ուժի մեջ է, դու հակադրվում ես ՀՀ Սահմանադրությանը: Դու հակասում ես քո նախընտրական եւ կառավարության հնգամյա ծրագրում տեղ գտած սկզբունքային դիրքորոշումներին: Դու այդ ստորագրելը բացատրում ես նրանով, որ այլընտրանք չունես, որ իրոք հայ ժողովրդի համար լավ բան ես անում, Հայաստան ես փրկում, բայց երբ մեկը գալիս, քեզ ասում է,ու շատ մարդիկ են ասում, որ կա այլընտրանք այս գոյաբանական հարցում, դու ստիպված ես, այլընտարնք չունես, պետք է լսես, ականջալուր լինել եւ միասնաբար աշխատել այդ ուղղությամբ, դու պաևտավոր ես դա անել»,- ասաց Օսկանյանը:
Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպմանը ընդառաջ նախկին արտգործնախարարը շատ կոնկրետ առաջարկ արեց Փաշինյանին՝ ասելով, որ Բրյուսելում հնարավորություն կա բանակցային տրամաբանությունը փոխել:
«Մինչեւ գնալը կարող ես հայտարարությամբ այդ մասին խոսել, կամ հենց բանակցությունների սկբումՇառլ Միշելի եւ Ալիեւի ներկայությամբ դու պետք է անես հետեւյալ հայտարարությունը. «Հակառակ նրան, որ Պրահայում ես ստորագրել եմ հայտարարությունը, որով ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՝ ներառյալ արցախը՝ վկայակոչելով 1991 թվականի Ալմա- Աթայի հռչակագիրը, համենայն դեպս հաշվի առնելով, որ Ալմա-Աթայի այդ հռչակագիրը բազմակողմ հռչակագիր է եւ ոչ թե երկկողմ, երկու երկրների միջեւ պայմանագիր, ես կարծում եմ, որ թերեւս այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել, համարելու, որ արդեն Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը», այստեղ դու կարող ես արունակել, որ ես՝ Փաշինյանս, մնում եմ իմ նույն տեսակետին, որ ես պատրաստ եմ ճանաչել ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որ իրոք հիմք կստեղծվի մեր երկու ժողովուրդների միջեւ արդար եւ կայուն խաղաղության, ուստի, շարունակում ես, ես՝ Փաշինյանս՝ առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում այնպայման տեղ գտնի այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, առաջարկում եմ, որ մենք ներառենք նաեւ այս հանգամանքը: Հավատացեք, առաջինը դա շատ լավ կհասկանա Շառլ Միշելը, որը եղել է Բելգիայի վարչապետ, մի երկրի, որի ամբողջ պետական կառուցվածքը տարբեր համայնքերի հավասար իրավունքների հիման վրա է կազմված»,- ասաց նա:
Օսկանյանը վստահ է՝ այդ օրակարգի առաջ բերելը էապես փոխելու բանակցային տրամաբանությունը եւ լինելու է առավել հայանպաստ, իսկ այսօրվա օրակարգը լավ տեղ չի կարող տանել. «Դա քո օրակարգն է, իսկ դու հնարավորություն ունես փոխել օրակարգը, մտածի այդ մասին, սա հնարավոր է անել, ես գիտեմ ինչ եմ ասում, հավատա, գիտեմ: Այս բովանդակությունը պատահական մարդ չի առաջարկում, ես ողնուծուծը գիտեմ այդ բանակցությունների, Ադրբեջանի թերությունների, ես լավ եմ հասկանում միջնորդների տրամաբանությունը, այն ինչ ես առաջարկում եմ, տեղավորվում է այդ բոլորի մեջ: Սա քո հնարավորությունն է, որ կարողանաս փոխել բանակցային այդ խայտառակ, ոչ մի տեղ չտանող օրակարգը, մտածի դրա մասին»: