Search
Close this search box.

Եթե վաղը հերթը հասնի Վարդենիսին, Ճամբարակին կամ Վանաձորին, ապա ի՞նչ՝ ամենքս առանձին նոր «ՀայաՔվենե՞ր» ենք կազմակերպելու

«ՀայաՔվե» նախաձեռնության միակ նպատակը ՀՀ-ի անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողության՝ օրենքի ուժով քրեականացումն է: Ընդ որում, նախաձեռնության ղեկավարները բազմիցս նշել են, որ հիմք են ընդունում ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին 1989թ դեկտեմբերի 1-ի որոշումը:

Այսինքն, «ՀայաՔվե»-ի համար Արցախն ունի նույն իրավական կարգավիճակն, ինչ Լոռին, Շիրակը, Գեղարքունիքը, Սյունիքը և ՀՀ մնացած մարզերը (հակառակ դեպքում, 1989թ դեկտեմբերի 1-ը չէր հիշատակվի): Եվ, եթե այդպես է, ապա «ՀայաՔվե»-ն լավ նախաձեռնություն է, սակայն …

Եկեք պատկերացնենք, որ օրերից մի օր ՀՀ-ում իշխանության գան սոցիալապես անպատասխանատու ծնողների զավակները (մեր երկրում դա չի բացառվում) և ՀՀ-ի անունից հայտարարեն, որ,օրինակ՝ Գյումրին ճանաչում են Ռուսաստանի, Բագրատաշենը՝ Վրաստանի, իսկ Արմավիրը՝ Թուրքիայի մաս: Ավելին՝ հենց այսօր ՀՀ ԱԺ-ում գործում է ՔՊ-ական պատգամավոր, որը բացահայտ հայտարարում է՝ «մերոնք (ՀՀ-ն) առաջարկել են, որ Տիգրանաշենը մնում է մեզ, Արծվաշենը՝ իրենց»:

Ի՞նչ կլինի այս դեպքում: Ստացվում է, որ Արցախն այլ պետության մաս չի կարելի ճանաչել, իսկ Արծվաշենը կամ Ալավերդին կարելի՞ է:
Սա ազնիվ մոտեցում չէ:

Հնարավոր հակափաստարկը՝ «մենք Արցախով ենք զբաղվում, դուք էլ Արծվաշենով զբաղվեք» կրկին ազնիվ չէ: Եթե նպատակը հայասնպաստ գործով զբաղվելն է, ապա խնդիրը պետք է դիտարկել ողջ Հայաստանի տեսանկյունից:
Անշուշտ, Արցախի հարցն այս պահին առաջնահերթ է, սակայն չի կարելի օրենքներ ընդունել միայն առաջնահերթությունից ելնելով կամ լոկալ խնդիրներ լուծելու նպատակով: Հիշեցնեմ, որ շուրջ 31 տարի, ինչպես նաև հենց այս պահին, ՀՀ-ի անունից Արծվաշենն այլ պետության մաս ճանաչող գործողություններ են իրականացվում:

Իսկ, եթե վաղը հերթը հասնի Վարդենիսին, Ճամբարակին կամ Վանաձորին, ապա ի՞նչ՝ ամենքս առանձին նոր «ՀայաՔվենե՞ր» ենք կազմակերպելու: Ավելի լավ չէ՞ մեկ «ՀայաՔվե»-ով խնդիրը լուծենք:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL