Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ հարցին, թե ԿԳՄՍ նախարարությունում ընթանո՞ւմ են քննարկումներ ՀՀ գերբի հետ կապված փոփոխության վերաբերյալ:
Վերջինս ընդգծեց՝ այս պահին քննարկումներ չկան։
«Որ որևէ աշխատանքային խումբ լինի, որևէ ձևաչափ։ Իհարկե, հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»,- ասաց նա։
Հարցին՝ մտածել գերբը փոխելու մասի՞ն, նախարարը նկատեց․ «Մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե կարիք ունեն փոխվելու։ Ես՝ որպես ոլորտը համակարգող նախարար, առաջին հերթին կարիք ունեմ լսելու պրոֆեսիոնալ կարծիք և մասնագետներին, որովհետև խոսում ենք շատ սպեցիֆիկ հարցերի մասին»։
Ըստ նախարարի՝ պետք է ավելի երկար աշխատանքներ տարվեն, որպեսզի այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին հստակ պատկերացումներ լինեն․ «Ես կարծում եմ, որ պետական խորհրդանիշները պետության դեմքն են, և որևէ փոփոխություն շատ լավ մտածված ու հասկացված պետք է լինի, այսինքն՝ պետք է հասկանանք՝ ինչ ենք փոխում և ինչու»։
Դիտարկմանը, թե փոփոխության են ենթարկվելու գերբի՝ Արևմտյան Հայաստանին վերաբերող խորհրդանիշները, նախարարը կարևորեց․ «Մենք մեր պատմությունից չենք հրաժարվել և չենք կարող հրաժարվել, պարզապես պետք է հասկանալ՝ ինչպես ենք մենք վերաբերվում մեր ներկային, և մեր պետության խոհրդանիշները պետք է արտացոլեն այսօրվա պետությունը։ Մենք խոսում ենք ՀՀ-ի մասին, և ՀՀ-ն պետք է լինի ամենակարևոր հարցը»։